Ա. Կասպրչիկ. Բանակցությունների արդյունքները պետք է համաձայնեցվեն Ստեփանակերտի հետ
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների կոնկրետ արդյունքները պետք է համաձայնեցվեն նաև ԼՂՀ հետ:
Այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը` «Regnum» գործակալությանը տված հարցազրույցում:
Ա. Կասպրչիկը հարցազրույցում նկատել է, որ չնայած այն հանգամանքին, որ հրադադարի հաստատման համաձայնությունների տակ կա երեք կողմի ստորագրություն` Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, այնուամենայնիվ պաշտոնական Բաքուն ամեն կերպ խուսափում է Ստեփանակերտի հետ երկխոսությունից` դրանով իսկ խուսափելով «Ղարաբաղի իրավասուբյեկտությունը ճանաչելուց»:
Ստեղծված իրավիճակում, ըստ դիվանագետի, Հայաստանին այլ բան չի մնում, քան ինքնուրույն ներակայացնել ԼՂՀ բնակչության շահերը:
«Հայաստանը համարում է, որ եթե Ադրբեջանը չի համաձայնում խոսել Ղարաբաղի հետ, ապա այլ ելք չի մնում և ինքը պետք է հանդես գա Ղարաբաղի բնակիչների անունից»,- նշել է Ա. Կասպրչիկը` մինչ այդ պարզաբանելով, որ պայթյունավտանգ այս տարածաշրջանում բանակցությունների բացակայությունը բերելու է ապակայունացման:
Միաժամանակ լեհ դիվանագետը ընդգծել է, որ բանակցությունների այդ ձևաչափի պարագայում անգամ անհրաժեշտ է հաշվի նստել Ստեփանակերտի կարծիքի հետ:
«Որևէ բան առանց Ստեփանակերտին տեղյակ պահելու չի կատարվում, նրանք միշտ տեղեկացվում են, դիրքորոշումները ճշտվում են, իրենց ներդրումն են ունենում այն հարցերում, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում»,- նշել է Ա. Կասպրչիկն ու հավելել. «Երբ գործը հասնի կոնկրետ արդյունքներին, Ղարաբաղն էլ պետք է ընդունի դրանք»: