Ա. Սիմավորյան. Եթե Կնեսեթը ընդունի Հայոց ցեղասպանությունը` Հայաստանը ավելի լավ հարաբերություններ կունենա Իսրայելի հետ
«Եթե Կնեսեթը ընդունի Հայոց ցեղասպանությունը` Հայաստանը ավելի լավ հարաբերություններ կունենա Իսրայելի հետ»,-այսօր ասուլիսին հայտարարել է Նորավանք Գիտակրթական հիմնադրամի փորձագետ, հայագիտության կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը:
Ա. Սիմավորյանը ասաց, որ Իսրայելի կրթության և գիտության հանձնաժողովում ներկայացված են ինչպես ձախակողմյան այնպես էլ աջակողմյան ուժեր, ներկայացված են նաև ծայրահեղ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Փորձագետը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ընդունմանը կողմ են «Մերեց» և «Լիկուդ» կուսակցությունները, սակայն վերջինս կարծում է, որ այս հարցը երկար քննարկումների առիթ է դառնալու, քանի որ հանձնաժողովը ղեկավարում է Ալեքս Միլլերը, որն առանձնապես հայամետ չէ և համագործակցում է «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար նախկին ԱԳ նախարար Լիբերմանի հետ, որը բավականին լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Հանձնաժողովում ներկա են նաև արաբական համայնքի ներկայացուցիչներ, որոնք ևս չեն ցանկանում վտանգել Իսլամական Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները: Այդ իսկ պատճառով, ըստ նրա հնարավոր է, որ այս անգամ ևս Հայոց ցեղասպանության ընդունումը տապալվի:
Բանախոսը հատուկ շեշտեց Երուսաղեմի հայ դատի ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ հարցը մցնել հանձնաժողովի օրակարգ:
Փորձագետը նշեց, որ, ի տարբերություն Միջազգային հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցի փակ քննարկումների, Կրթության և Գիտության հանձնաժողովը այս հարցը համեմատաբար ավելի բաց է քննարկում, և, որ հնարավոր է լինում որոշակի զարգացումների հետևել:
Սակայն բանախոսը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի համար քաղաքական շանտաժի ձև է, որից Իսրայելը երբեք չի հրաժարվի: