Իրանցի պաշտոնյա. «Սեպտեմբերին Երևանում իրանական առևտրային ցուցահանդես կկազմակերպվի»
Սեպտեմբերին Երևանում կկազմակերպվի Իրանի առևտրային ցուցահանդես, որին կմասնակցեն արտադրությամբ զբաղվող իրանական տարբեր կազմակերպություններ:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի Արևմտյան Ազերբայջան նահանգի Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջաաֆար Սադեղ Էսքանդարին:
Երևանյան ցուցահանդեսի ժամանակ իրանցի արտադրողները կներկայացնեն գորգեր, ձեռքի աշխատանքներ, սնունդ, քիմիական արդյունաբերություն, բուժսարքավորումներ, կերամիկա, երեսպատման սալիկներ և այլն:
Նշենք, որ անցյալ ամիս Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2010թ. ավելացել են 38 տոկոսով` կազմելով 270 միլիոն դոլար, և այժմ կողմերը ջանքեր են գործադրում, որպեսզի 2011թ. այն ևս 30 տոկոսով ավելանա: