Տ. Դավթյան. «Մենք ստեղծեցինք իրավական հիմք ազատ տնտեսական գոտիների գործարկման համար»
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեց համաձայանագիր՝ ուղղված «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը: Համաձայանգիրը ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և «Կորպորասիոն Ամերիկա ԷսԷյ» ընկերության կողմից ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ այս ամենի նպատակն է արտաքին շուկայում հայկական գյուղմթերքների բրենդի ստեղծման միջոցով խթանել առավել բարձր մրցունակություն ապահովող և արտահանման ուղղվածություն ունեցող ապրանքների արտադրությունը։
Նշենք, որ ըստ համաձայնագրի՝ ազատ տնտեսական գոտու տարածքում կիրականացվի մեծածախ և մանրածախ առևտրային գործունեություն, մասնավորապես՝ թարմ մրգերի և բանջարեղենի մթերման, տեսակավորման, խորը սառեցման և փաթեթավորման ուղղություներով, ինչպես նաև ոսկյա իրերի և ադամանդների առևտուր:
«Աշխատանքներն ընթացքի մեջ են: Ազգային ժողովն արդեն հավանության է արժանացրել Ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը, որը մտել է ուժի մեջ: Այսինքն՝ մենք ստեղծեցինք իրավական հիմք ազատ տնտեսական գոտիների գործարկման համար: Արդեն նախապատրաստել ենք փաթեթ՝ կառավարության համապատասխան նախագծեր, որոնք հստակ կնկարագրեն այն մեխանիզմները, թե ինչպես են այդ գոտիներն աշխատելու»,-նշեց Տիգրան Դավթյանը և հավելեց, որ ազատ տնտեսական գոտիների ստեղծման ամբողջ իրավական դաշտը գրեթե առկա է:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդենի փոխանցմամբ, իրենք ազատ տնտեսական գոտու կառավարման փորձ ունեն:
«Մենք շատ հետաքրքրված ենք այս նախագծով, և կարծում ենք՝ նոր ուղևորման համալիրի շահագործումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանը դարձնել բազմաֆունկցիոնալ կենտրոն»,-ասաց Մ. Վենդեն:
Տ. Դավթյանի փոխանցմամբ, նախատեսված է ստեղծել 2 հիմնական ազատ տնտեսական գոտի։ «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքից բացի, կլինի նաև «Մարս» գործարանի հենքի վրա, որը կունենա արդյունաբերական ուղղվածություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան