2012 թ. առաջին եռամսյակում Հայաստանում կսկսեն հատկացնել նոր, կենսաչափական անձնագրեր
2012 թ. առաջին եռամսյակում Հայաստանում կսկսեն հատկացնել նոր, կենսաչափական անձնագրեր : Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախատեսվում էր կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգը շրջանառության մեջ դնել ընթացիկ տարվա սեպտեմբերից:
Հայաստանում անձնագրերի նոր տեսակին անցնելը գնահատվում է շուրջ 5 մլն եվրո. երկրի ներսում օգտագործման համար նախատեսված ID-քարտերը ստանալու համար ՀՀ քաղաքացիները կվճարեն 1000 դրամ, իսկ օտարերկրյա ճանապարհորդությունների համար նախատեսված կենսաչափական անձնագրերի գինը դեռ ճշտված չէ, այն կկազմի մոտ 15 000 դրամ:
Նոր տեսակի փաստաթղթի ձեռքբերումը չի նախատեսում գործող անձնագրերի հրատապ փոխարինում. քաղաքացիները կարող են օգտագործել ընթացիկ անձնագրերը (ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս) մինչև դրանց վավերականության ավարտը: Ցանկության դեպքում` քաղաքացիները կարող են ID-քարտ և կենսաչափական անձնագիր ստանալ նախքան հին անձնագրի վավերականության ավարտը:
Իդենտիֆիկացման քարտերը պարունակելու են անձի էլեկտրոնային ստորագրությունը, իսկ կենսաչափական անձնագրերը` քաղաքացիների մատնահետքերը. հետագայում փաստաթղթում ընդգրկվող տվյալների ծավալը կընդլայնվի: Կենսաչափական անձնագրերը կտրամադրվեն 5, իսկ ID-քարտերը` 10 տարով: