Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է հանքային, գազային և նավթային ոլորտում մասնագիտացած «International Minerals & Mines Limited» կազմակերպության ներկայացուցիչներին` ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի մեր երկրում ներդրումների իրականացմանը:
Կողմերը քննարկել են ՀՀ-ում հանքահումքային ոլորտում իրականացվելիք ծրագրերին առնչվող մանրամասներ:
Հանդիպման ավարտին վարչապետ Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և «International Minerals & Mines Limited» կազմակերպության միջև: Հուշագիրն ստորագրել են` հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ «International Minerals & Mines Limited» ընկերության կողմից`ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչը: Հուշագրի նպատակն է սահմանել կողմերից պահանջվող այն քայլերը, որոնք ուղղված են ձեռնարկության կողմից այրվող թերթաքարերի պաշարների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ինչը ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կապահովի անհրաժեշտ պայմաններ՝ այս պաշարներն առևտրային հիմունքներով վերջնականորեն մշակելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան