Կինը երեխաներին խեղդել է Աստվածաշունչը բաց պահած. Նոր մանրամասներ Արարատի դեպքից
Արարատ քաղաքում իր երկու երեխաներին խեղդելու միջոցով սպանած Ռոզա Ալոյանը և նրա ամուսինը Գավառի մանկատան սաներ են եղել և պետության կողմից բնակարան ստանալուց հետո տեղափոխվել են Արարատ ու բնակվել այնտեղ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում դեպքի մասին ներկայացնելով մանրամասներ, Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանն ասաց, որ դաժանությունը կատարելիս կինը Աստվածաշունչը բացել է այն էջի վրա, որտեղ նշվում է, որ Քրիստոսի գալստյան օրը շուտով կմոտենա: «Այդ կինը խախտված է եղել», -հավելեց Բաբայանը` նշելով, որ նրանց սոցիալական պայմանները բավարար են եղել:
Արարատի բնակիչներն էլ իրենց հերթին մեզ հետ զրույցում ասացին, որ երեխաներին սպանած կինը «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամ է եղել, ամուսնալուծվել է: Նրանց խոսքով, երեխաները նախ ամուսնու մոտ են եղել և հետո դատարանի միջոցով ինքն է սկսել խնամել 6 և 4 տարեկան որդիներին: «Երեխեքին խեղդել ա ու հարևանի դուռը ծեծել ասել ա` երեխեքին խեղդեցի, ես գնում եմ», -պատմեցին բնակիչները:
Նրանք նաև սահմռկեցուցիչ դրվագներ պատմեցին. «Ասում են երեխեքին կախել ա պարանով, հետո հանել պարանից և պառկացրել անկողնում»:
Մեր դիտարկմանը, թե քաղաքում փաստորեն ապրում է հոգեկան շեղումներ ունեցող կին, որը ստացվում է` վերահսկողությունից դուրս է գտնվել, Բաբայանը պատասխանեց. «Փաստորեն, մինչև հիմա երբեք չի զգացվել նրա մոտ հոգեկան խանգարման դրսևորումներ»:
Այսօր առավոտյան ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն ոստիկանության Արարատի բաժնում երեկ երեկոյան մի կի կին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 22.10-ին, իրեն է զանգահարել հարևանը և հայտնել, որ կինը` 34-ամյա Ռոզա Ալոյանը, տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը` հեռացել է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում:
Ռ. Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը, սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:
Ըստ աղբյուրի, Ռոզա Ալոյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը