Այսօր Ստամբուլում հանձնվելու է Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակ
Այսօր Ստամբուլի համերգասրահներից մեկում տեղի է ունենալու Հրանտ Դինքի անվան միջազգային ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակը սահմանել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը: Ընդունված կարգի համաձայն` մրցանակը շնորհվում է խոսքի ազատության, պաշտպանության հարցում խիզախություն դրսևորող, ռասիզմի ու խտրականության դեմ պայքար մղող, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող անձանց կամ խմբերի:
Ամեն տարի շնորհվում է երկու մրցանակ. մեկը Թուրքիայում բնակվող, մյուսն էլ օտարերկրացի հավակնորդների համար: Հիմնադրամի կազմկոմիտեում ներգրավված են հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, գրողներ և հասարակական գործիչներ:
Հիշեցնենք, որ հիմնադրամի մրցանակակիրներ են եղել օրինակ «Taraf» թերթի սյունակագիր և «Bilgi» համալսարանի դասախոս Ալփեր Գորմուշը, իսրայելցի լրագրող և հրապարակախոս Ամիրա Հասը, իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալը և այլք: