Կիպրական և թուրքական համայնքի ներկայացուցիչներին համապատասխան անցագրեր են տրվել երկկողմ բանակցությունների կոնտեքստում
ՄԱԿ-ի արարողակարգի աշխատակիցների կողմից Կիպրոսի թուրքական համայնքի ներկայացուցիչներին համապատասխան անցագրեր են տրվել երկու համայնքների (կիպրական և թուրքական) միջև ընթացող բանակցությունների կոնտեքստում»,- Panorama.am -ի հարցմանը, թե ինչ կարգավիճակով է թույլ տրվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական համայնքի ներկայացուցիչներին մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանին, պատասխանել է ՄԱԿ-ում Կիպրոսի Հանրապետության մշտական ներկայացուցչության մամուլի գծով խորհրդական Մարիա Զոուպանիոտիսը:
«Անցագրի վրա իրենց կարգավիճակի դիմաց գրված է` «Կիպրոսի թուրքական համայնքի ներկայացուցիչ»: Նյու-Յորքում գտնվող Կիպրոսի թուրքական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև իրենց ղեկավարությունը` օգտվելով իրենց տրված հավատարմագրերից, օգտագործել են այդ հանգամանքը և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Բարձր մակարդակով տեղի ունեցող հանդիպումների շաբաթը ծառայեցրել են ի նպաստ իրենց անջատողական նպատակների»,- ասված է հարցման պատասխանի մեջ:
«Կցանկանայի նշել, որ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետություն»-ը անօրինական միավոր է, որի գոյությունը դատապարտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 541 բանաձևը»,- հավելել է Մարիա Զոուպանիոտիսը:
Նշենք, որ Թուրքիայի և ՀԿԹՀ միջև կիպրական կղզու ափամերձ շրջաններում նավթի և գազի որոնողական աշխատանքներ իրականացնելու մասին պայմանագիրը կնքվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողասրահներից մեկում:
Իր նյու-յորքյան այցի շրջանակներում ՀԿԹՀ նախագահ Դերվիշ Էրօղլուն ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի կուլուարներում հանդիպում է ունեցել նաև Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը