Ինչո՞ւ Սարկոզին շքանշան տվեց Մեհրիբան Ալիևային
Ադրբեջանի իշխանության նախիջևանյան կլանի ղեկավարներ` նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը, արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովը և ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը գաղտնի հանդիպում են ունեցել Գաբալայում: Պաշտոնական տվյալներով` նրանք Գաբալա են այցելել` ծանոթանալու օրերս այնտեղ հայտնաբերված «անտիկ շրջանի բնակավայրին»:
«Ազադլիգ» պարբերականը գրում է, որ անհասկանալի է, թե ինչու «անտիկ բնակավայրը» տեսնելու համար Նախիջևանի կլանի ամենահարուստ ներկայացուցիչն իր վերահսկողության տակ գտնվող շրջան է այցելում ոչ թե Ադրբեջանի մշակույթի նախարարի, ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտի ներկայացուցիչների հետ, այլ` «էքսպեդիցիայի» մեջ ներառում է կլանի մյուս առաջատար դեմքերին` Ռ.Մեհդիևին և Ռ. Ուսուբովին:
Թերթը գտնում է, որ իրականում դա իշխանության «նախիջևանյան կլանի» հավաքն է եղել: Ըստ թերթի` Գաբալայում կլանի գաղտնի հավաքը պայմանավորված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում արած այն արտահայտությամբ, որ ինքը դեռ չի կողմնորոշվել 2013 թ-ի նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցում:
«Երևում է` «նախիջևանյան կլանը» խիստ անհանգստացած է այդ հայտարարությամբ, քանի որ դա «կանաչ լույս» է վառում ընտրություններին երկրի ղեկավարի տիկնոջ` Մեհրիբան Ալիևայի (ասել է թե Փաշաևների` Մեհրիբանի հայրական կլանի)` նախագահի թեկնածու առաջադրվելու համար (նման իրավիճակ ստեղծվել էր նաև 2008-ին. Իլհամ Ալիևի` երկրորդ անգամ նախագահի պաշտոնը բռնագրավելուց հետո, Ադրբեջանում քննարկման թեմա էր դարձել 2013 թ-ին նախագահական ընտրություններին Մեհրիբան Ալիևայի մասնակցության հարցը):
Մեհրիբանի` Ադրբեջանի նախագահ առաջադրվելու հարցը կրկին քննարկման թեմա է դարձել Ադրբեջանում: Հատկապես Արևմուտքում Իլհամ Ալիևին այլևս չընդունելու մասին ստեղծված համոզմունքն ուժեղացրել է Մեհրիբան Ալիևայի` 2013 թ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: Դրան գումարվել է նաև Ադրբեջան կատարած այցին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից Մեհրիբան Ալիևային «Պատվո Լեգիոնի» շքանշան հանձնելը: Կարելի է ասել, որ այսքանից հետո նախիջևանյան կլանի անհանգստությունն անտեղի չէ», -եզրակացնում է թերթը: