Կարինե Կույումջյան. Մարդահամարի տվյալները կհրապարակվեն 2012թ. սեպտեմբերի վերջին
Հոկտեմբերի 12-21-ը Հայաստանում անցկացվեց մարդահամար, հաշվառման բուն գործընթացը 10 օր տևեց:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի հավաստմամբ, Հայաստանի տնային տնտեսություններ այցելեցին 12000 հաշվարարներ, որոնց աշխատանքները համակարգեցին հրահանգիչ-հսկիչները: «Միջին հաշվարկով հինգ հաշվարարի աշխատանքները վերահսկվում էր մեկ հրահանգիչ հսկիչի կողմից»,- նշեց Կարինե Կույումջյանը:
Իր հերթին, հրահանգչական տեղամասի աշխատանքները վերահսկվում էին մարդահամարի իրականացման տեղամասի կողմից:
«Հոկտեմբերի 22-ից դաշտային բուն աշխատանքների ավարտից հետո սկսվեց վերահսկիչ միջոցառումների փուլը: Այն նպատակ ունի հաշվառման գործընթացում տեղ գտած բացթողումները, թերացումները հնարավորինս նվազագույնի հասցնել՝ հաշվառման ամբողջականությունը ապահովելու համար:Կանցկացվի վերահսկիչ ընտրանքային շրջագայություն, որի ժամանակ հաշվարարները հրահանգիչների հետ միաժամանակ պետք է այցելեն նախապես ընտրված բնակելի միավորներ, որպեսզի այնտեղ տեսնեն, թե հաշվառման ամբողջականությունը լիարժեքորեն ապահովված է արդյոք և կա՞ն բացթողումներ: Նրանք միաժամանակ կայցելեն այն բնակելի միավորները, որտեղ հաշվարարները մի քանի անգամ եղել են և հնարավոր չի եղել որևէ մեկին հանդիպել»,- ասաց Կույումջյանը:
Կարինե Կույումջյանը նշեց, որ մարդահամարի այս փուլում պետք է հաշվառվեն նաև ՔԿՀ-ներում, մանկատներում, ծերերի և հաշմադամների սոցիալական ծառայություններում գտնվող անձինք:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետի հավաստմամբ, մարդահամարի տվյալները կհրապարակվեն 2012թ. սեպտեմբերին վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան