Հ.Մելիք-Շահնազարյան. «Ալիևը փորձեց ապացուցել, որ հակամարտությունն առկա է և ոչ սառեցված»
Վերջին օրերին, ոտնահարելով միջազգային կարծիքը, հակառակորդի դիպուկահարների գնդակից երկու հայ զինվոր է զոհվել: Հայկական կողմն արդեն իսկ պաշտոնապես հայտնել է իր անելիքների մասին, այն է` պատասխանը լինելու է անհամաչափ: Իսկ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ այսօրվա ասուլիսում հավաստիացրեց, որ պատժիչ գործողություններն իրենց սպասել չեն տա: Սակայն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե ինչո՞ւ այդ սադրիչ գործողությունները տեղի ունեցան հենց այսօր ու Ալիևը, փաստորեն, փորձեց սրել իրավիճակը տարածաշրջանում.
«Հիմնական պատճառը պետք է որոնել Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններում, երբ նա հայտարարեց, որ իրավիճակը տարածաշրջանում կայուն չէ, սառեցված կոնֆլիկտ չկա, այլ, հակառակը, կա ակտիվ կոնֆլիկտ և Ադրբեջանը պատրաստ է ռազմական ուժով վերանվաճել Արցախը»,- հիշեցրեց քաղաքագետը:
Այլ կերպ ասած, գործ ունենք Ռուսաստանի հետ քաղաքական առևտրի հետ, քանի որ, պարզաբանեց բանախոսը, վեճ կար Գաբալայի հետագա վարձակալման հետ կապված և Ալիևը փորձում էր հնարավորինս ավելի դիվիդենտներ քաղել ռուսներին վարձակալությամբ տալու համար: Ադրբեջանը փորձում է իր կարևորությունն ընդգծել տարածաշրջանում` սպառնալով թե’ միջազգային հանրությանը, կոնկրետ Ռուսաստանին, թե Հայաստանին. «Ուստի այս գործողությունները եկան «ապացուցելու», որ կոնֆլիկտը կա, դրանով իսկ ոչնչացնելով սառեցված որակումը և այն պետք է լուծել ինչ-որ մի ճանապարհով»,- հավելեց Հ.Մելիք-Շահնազարյանը:
«Նման դեպքերը երբեք պատահական չեն լինում, դրանց հիմքում միշտ առկա են քաղաքական դրդապատճառներն ու առևտուրը: Իսկ տվյալ դեպքում գործ ունենք նաև նախազորակոչային գործընթացներում որոշակի լարվածություն ստեղծելու, բարոյալքված մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի հետ, որպեսզի մարդիկ խուսափեն բանակից: Սա հին, ավանդական դարձած թուրքական մոտեցում է»,- համաձայնելով գործընկերոջ հետ իրավիճակի վերաբերյալ` իր տեսակետը ներկայացրեց ասուլիսի հաջորդ բանախոս, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հարցին մեկ այլ տեսանկյունից, թե որքանո՞վ են համաչափ հայկական կողմի պատասխանները, փորձագետը նշեց, թե չի կարող փակագծերը շատ բացել, բայց և այնպես «իրենց կողմից առկա են բազմակի մեծ զոհեր և այդ պատժիչ գործողությունները շարունակվելու են, ինչին մենք ականատես կլինենք ոչ հեռու ապագայում»: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը մեկ-երկու սպանության մասին կհայտնի, սակայն մնացյալը, ավանդապես, կկոծկվեն այլ պատճառների տակ. «Հակառակորդը կրել և հիմա էլ կրում է ծանր կորուստներ և եթե ուշադիր լինենք դրա ականատեսը կլինենք»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքին վերջին այդ դեպքերին, ապա Հ.Մելիք-Շահնազարյանը վստահ է, որ այն գուցեև դեռ կլինի: Թեև. «Այն, որ նման դեպքերը չեն դատապարտվում կարելի է վերագրել մեր քարոզչական ու նաև դիվանագիտական աշխատանքի բացթողմանը, որովհետև անընդհատ մոնիթորինգներ են իրականացվում, միջազգային հանրությունն էլ սահմանին ներկա է լինում ու տեսնում, թե ինչ է կատարվում: Ու կարծես տուրք տալով քաղաքական հանդուրժողականությանը կամ գուցե քաղաքավարությանը, հայկական կողմը չի պահանջում, որ ամեն մի միջադեպ ստանա արժանի պատասխան թե’ միջազգային հանրության, թե մեր կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց