Ադրբեջանը մտադիր չէ վերադարձնել 400 հազար հայ և 120 հազար ռուս ավանդատուների պարտքը
Ադրբեջանի խորհրդարանում ԽՍՀՄ շրջանում քաղաքացիների` բանկերին պահ տված ավանդները վերադարձնելու մասին օրինագիծ է պատրաստվում: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը պատգամավորներին հորդորել է մինչև օրինագծի վերջնական տեսքի բերելն այդ մասին քիչ և զգույշ խոսել մամուլում, որովհետև «այնպես պետք է անել, որպեսզի ժողովրդին վերադարձվող փողերը մնան Ադրբեջանում, հասնեն Ադրբեջանի քաղաքացիներին և այլ կողմեր չհոսեն»:
«Մենք գտնվում ենք եվրոպական իրավական տարածությունում: Հնարավոր է` կանգնենք մեծ խնդիրների առաջ: Առաջին հերթին պետք է այդ խնդիրները լուծել: Խորհրդարանում լրագրողներ կան, խնդրում եմ մինչև օրինագծի վերջնական տեսքի բերելն այդ հարցը շատ «չփորփրել»»,- ասել է նա պատգամավորներին:
«Ազադլիգը» գրում է, որ տեղեկացված աղբյուրներից իր ձեռք բերած տվյալներով` ավանդների վերադարձման գործընթացի ուշացումն Ադրբեջանում կապված է շատ լուրջ պատճառների հետ, որոնցից գլխավորն այն է, որ ավանդատուների մեջ 400 հազար հայ և 120 հազար ռուս կա, որոնց հասանելիք գումարը տասնյակ միլիոններ են կազմում, և այդ տեսակետից` Ադրբեջանի կառավարությունը հայտնվել է անելանելի վիճակում:
«Ավանդների վերադարձը սկսելիս դեպքում պետք է նկատի ունենալ նաև հայերին և ռուսներին: Իսկ դա նշանակում է, որ միլիոնավոր մանաթների գումար կհոսի Ռուսաստան և Հայաստան: Դրանից խուսափելու համար կառավարությունը մտածում է հարցը լուծել դատարանների որոշմանը հանձնելու միջոցով, որտեղ հայ և ռուս ավանդատուների կողմից դատական գործընթացը շահելու հավանականությունն Ադրբեջանում զրո է: Օգթայ Ասադովը հենց այս փաստն է նկատի ունեցել` զգուշավորության կոչ անելով -բացահայտել է «Ազադլիգը»:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` կառավարությունում հարցի առաջին քննարկումների ժամանակ որոշվել է, որ ավանդները պետք է վերադարձնել այն հայերին և ռուսներին, ովքեր Ադրբեջանի քաղաքացիություն կընդունեն: Սակայն հետո պարզ է դարձել, որ հարցն այդ կերպ լուծել հնարավոր չի լինելու, քանի որ համոզիչ չէ, որ հայերը Ադրբեջանի քաղաքացիություն կընդունեն: Առաջարկվել է նաև ավանդատուների փողերը վերադարձնել` փոխարինելով տարբեր վճարումներով, ասենք` կոմունալ ծախսերով, հարկային վճարներով և այլն: Սակայն դրան էլ դեմ են հանդես եկել այդ կառույցների ղեկավար օլիգարխ չինովնիկները, որոնք գտնում են, որ այդ առաջարկությունը կարող է իրականանալ միայն այն դեպքում, եթե կառավարությունը լրացուցիչ դոտացիա տա իրենց:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ