Իլյա 2-րդը չի ժամանի Երևան. Պատճառները հայտնի են միայն վրացական կողմին
«Երևանում կայանալիք կրոնապետերի հանդիպմանը վրաց պատրիարք Իլյա 2-րդը չի մասնակցելու»,- Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Անդրադառնալով պատճառներին մեր զրուցակիցը նշեց, որ դրանք կարող է ներկայացնել միայն վրացական կողմը, քանի որ.
«Մենք տեղեկացված ենք միայն, որ պատրիարքը չի ժամանելու»:
Պատասխանելով հարցին, արդյոք Իլյա 2-րդի Երևան չժամանելը կապված է դեռևս ամիսներ առաջ հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած հովվապետական այցից հետո բարձրացված աղմուկի հետ, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ասաց. «Նրանց փոխարեն որևէ պատասխան տալ չեմ կարող»:
Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, ապա ինչպես ավելի վաղ նշել էինք` հանդիպման ավարտին Հայաստանի, Ռուսաստանի և Կովկասի մահմեդականների վարչության հոգևոր առաջնորդները համաձայնագիր են ստորագրելու:
Panorama.am-ի զրուցակիցը մանրամասնեց` տարածաշրջանային հոգևոր առաջնորդների, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ավարտին, Ռուսիո և Մոսկվայի պատրիարքի միջնորդությամբ միշտ հայտարարություն է որդեգրվում, որով հոգևոր առաջնորդները դիմում են իրենց ժողովուրդներին. «Այդ հայտարարությունների կոնտեքստում առկա են տարածաշրջանին վերաբերող հարցեր ու խնդիրներ, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ և այլն: Եվ քանիցս արդեն նման հայտարարություններ եղել են, ու նմանը նախատեսվում է, որ կհրապարակվի նաև երևանյան հանդիպումից հետո»,- տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, նոյեմբերի 29-30-ը Երևանում կկայանա ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստը: