«Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում ՀՀ նախագահին Սահակշվիլու հետ քննարկել նաև Ցեղասպանության ու հայատյացության հարցերը
«Վրաստանի Հայ Համայնք»-ը բաց նամակ է հղել Վրաստանի և Հայաստանի նախագահներ պարոնայք Միխայիլ Սահակաշվիլիին և Սերժ Սարգսյանին` խնդրելով «նախագահ Սերժ Սարգսյանի` սույն թվականի նոյեմբերի 29-30-ը Վրաստան նախանշված պաշտոնական այցի շրջանակում նախատեսված հանդիպումներում, այլ հարցերի թվում, ուշադրություն հրավիրել և քննարկել նաև հարցեր, որոնք կնպաստեն մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների բարելավմանը»:
Հասարակական կազմակերպությունը կոչ է անում քննարկել մայրենի լեզվով կրթության մատչելիությունը ու ներկայացնում դրա հետ կապված խնդիրները. «Թբիլիսիում վերջին տարիների ընթացքում փակվում են հայկական դպրոցները/բաժինները և հեռացվում են պրոֆեսիոնալ մանկավարժները: Մեր կողմից բազմիցս արձանագրվել են ազգային փոքրամասնությունների (հայերի) իրավունքների խախտման փաստեր. մայրենի լեզվով կրթություն ստանալու դեմ արհեստական խոչընդոտների ստեղծում, հայկական դասարանները փակելու կամ չբացելու փորձեր և փաստեր, հայկական բաժիններում միավորված դասարանների ստեղծում, մանկավարժներին աշխատանքից անհիմն հեռացում և այլն: Այս ամենի մասին տեղյակ են պահվել պետական բազմաթիվ հաստատություններ, այդ թվում` Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը: Հարցը մինչև հիմա մնում է չլուծված:
Երկրում գոյություն չունի մանկավարժական համալսարան (ֆակուլտետ), որտեղ հնարավոր կլիներ նոր կադրեր պատրաստել Վրաստանի դպրոցների հայկական բաժիններում աշխատելու համար, ինչը կբարձրացներ կրթության մակարդակը հայկական դպրոցներում և բաժիններում»:
Հաջորդը ՀԿ-ն մատնանշում է մշակութային ժառանգության հարցը, ընդգծելով. «Սովետական իշխանության ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցուց խլված ունեցվածքի վերադարձի հարցը: Եկեղեցիների և այլ շինությունների ու հուշարձանների` իրենց օրինական տերերին վերադարձնելու և դրանք վերականգնելու խնդիրը»:
«Վրաստանի Հայ Համայնք»-ն առաջարկում է քննարկել նաև Հայոց Ցեղասպանության հարցը, հիշեցնելով, որ Վրաստանը դեռևս չի ճանաչել և չի դատապարտել 1915-1923 թ.թ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը:
«Մենք ամեն տարի դիմում ենք Վրաստանի համապատասխան կառույցներին և գերատեսչություններին` կոչ անելով ճանաչել աշխարհի առաջատար պետությունների կողմից արդեն ճանաչված Հայոց Ցեղասպանությունը:
Հարկ է նշել նաև, որ վերջին 2-3 տարիների ընթացքում «Վրաստանի Հայ Համայնք»-ը բազմիցս գրավոր դիմել է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը և պատասխանատու պետական այլ կառույցների` խնդրելով Թբիլիսիում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար կանգնեցնելու թույլտվություն: Արդյունքում ստացել ենք անբավարար պատասխաններ և մինչ օրս այդ հարցը մնում է չլուծված»:
Նամակի հեղինակը նաև կոչ է անում անդրադարձ կատարել հայատյացությանը, նշելով, որ վերջին շրջանում Վրաստանում հաճախակիացել են հայատյաց հայտարարությունները և գործողությունները:
«Մասնավորապես, պատերին հայերին ուղղված վիրավորական մակագրությունները, հայկական եկեղեցի ներխուժումը, Սուրբ Գրքի թերթերը պոկելը և այրելը, վիրավորական հայտարարություններ անելը: Թվարկված փաստերը սպառնալիք են առաջացնում և վտանգ են ներկայացնում երկու ժողովուրդների հարաբերությունների սրման համար: Ի հավելումն այս ամենի, վրացական ԶԼՄ-ներում ավելանում են հակահայկական և հայատյաց արտահայտությունները և ելույթները:
Մենք` «Վրաստանի Հայ Համայնքի» անդամներս, հույս ունենք, որ Հայաստանի նախագահի այցը դրականորեն կանդրադառնա և կամրապնդի վրաց-հայկական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, կնպաստի վերոնշյալ խնդիրների կարգավորմանը»,-ասված է բաց նամակում, որը խմբագրությանը տրամադրել է ՀԿ-ի մամուլի ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան