Իրանի նախազգուշացումը թուրքերին` Իրանի ազգային անվտանգության հետ խաղ մի արեք
Իրանական կողմը թուրքերին նախազգուշացրել է` չխաղալ Իրանի ազգային անվտանգության հետ:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին, Անկարա կատարած այցելության ժամանակ թուրք պաշտոնյաներին, հստակ ներկայացնելով իրանական կողմի դիրքորոշումը, նշել է.
«Դուք շատ մեծ սխալ գործեցիք, երբ համաձայնություն տվեցիք, որպեսզի ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը տեղակայվեն ձեր երկրում, սակայն լավ իմացեք, եթե որևէ սպառնալիք լինի, ապա մեր նշանակետի տակ առաջինը Ինջիրլիքի ռազմակայանը կհայտնվի, և այդ ժամանակ արդեն ձեր հետ բարեկամություն անելը ոչ մի չի նշանակություն չի ունենա, քանի որ դրված է Իրանի ազգային անվտանգության հարցը»:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով սիրիական խնդրին, նշել է. «Եթե Սիրիայի նկատմամբ չփոխեք ձեր սխալ դիրքորոշումը, ապա մոռացեք Իրանի հետ ունեցած ձեր բարեկամությունը»:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն, անդրադառնալով ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի թեմային, հայտարարել էր. «Իրանի նկատմամբ որևէ սպառնալիքի պարագայում առաջինը կհարվածենք Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը»:
Նկատենք, որ երբ Թուրքիան որոշում ընդունեց իր տարածքում` Իրանից ընդամենը 540 կմ հեռավորության վրա, տեղակայել ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը, իրենց խիստ մտահոգությունը հայտնեցին Իրանի նախագահը, ԱԳ և ՊՆ նախարարները, իսկ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական, ԻՀՊԿ նախկին հրամանատար, Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարեց, որ եթե Թուրքիայի իշխանությունները չպարզեցնեն Իրանի հետ վարած իրենց արտաքին քաղաքականությունը, ապա խնդիրների առջև կկանգնեն: