Միացյալ Նահանգները կշարունակեն Եվրոպայում ՀՀՊ-ի տեղակայման աշխատանքները, անկախ նրանից ՌԴ-ին դուր է գալիս, թե ոչ
Միացյալ Նահանգները կշարունակեն Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրումը, առանց հաշվի առնելու խնդրի առնչությամբ ՌԴ կարծիքը: Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Իվո Դաալդերը:
«Իրանի կողմից սպառնալիքները մեծանում են, նույնիսկ ավելի արագ, քան կարծում էինք երկու տարի առաջ...Մենք կիրականացնենք ՀՀՊ-ի ստեղծման բոլոր չորս փուլերը, անկախ այն հանգամանքից, դա դուր է գալիս Ռուսաստանին, թե՝ ոչ», - ասել է Դաալդերը Վաշինգտոնում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային ճաշի ժամանակ:
Ամերիկացի դիվանագետը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ ՀՀՊ-ն ուղղված չէ և տեխնիկապես չէր կարող ուղղված լինել ընդդեմ Ռուսաստանի:
Հիշեցնենք, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել, որում ներկայացրել էր Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների ցանկը Եվրոպայում տեղակայվելիք ՀՀՊ-ի ներդրման դեպքում: Մեդվեդևն հայտարարել էր, թե Ռուսաստանը կարող է դուրս գալ Միացյալ Նահանգների հետ կնքած ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրից և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման շուրջ անբարենպաստ իրավիճակի ստեղծման դեպքում հրաժարվել զինաթափման և զինամթերքների վերահսկողության հետագա քայլերից: