Բնապահպանները բողոքի ակցիա կազմակերպեցին կառավարության շենքի դիմաց
Նախագահական նստավայրի դիմաց այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա` ի պաշտպանություն Քաջարան գյուղի: Հիշեցնենք, որ կառավարության 627 որոշման համաձայն` Սյունիքի մարզի 6 գյուղերի հողերը, այդ թվում` Քաջարան գյուղի ամբողջ տարածքը, պետք է օտարվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու նպատակով:
Ակցիային մասնակցում էին բնապահպանական և հասարակական կազմակերպություններ, «Ժառանգություն» կուսակցության անդամներ:
Բողոքի ակցիան մեկնարկեց առավոտյան` Կառավարության շենքից: Այստեղ ելույթում Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հայտարարեց, որ գյուղի հարյուրավոր բնակիչներ չեն լքելու իրենց տարածքը: «Կառավարության որոշումը պետք է անվավեր ճանաչվի», - ասաց նա ու հավելեց, որ որոշման մասին բոլոր 6 համայնքների ղեկավարներն ու մարզպետը իմացել են միայն համացանցից:
Լրագրողների հետ զրույցում գյուղապետը շեշտեց, որ խոսքը 131 ընտանիքի, 270 բնակիչի ճակատագրի մասին է: «Ժողովրդին տնից հանում են, բայց մենք տեղ չունենք գնալու: Իրենց տունը, գերեզմանը ո՞ւր թողնեն գնան, որտե՞ղ գնան: Հիմա ես այդ գյուղում եմ մեծացել, ընտանիք ստեղծել, թոռներս այնտեղ են, գերեզմաններս այնտեղ են, իմ տեղն այնտեղ է: Այն էլ սահմանամերձ գյուղ է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան