Սիրիական «ՍԱՆԱ»-ն անդրադարձել է հայոց ցեղասպանության մասին ֆրանսիացի պատգամավորի հայտարարությանը
Ֆրանսիայի նախկին արդյունաբերության նախարար, ներկայումս ֆրանսիական խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Պատրիկ Դևեջյանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք է ստեղծում մի շարք երկրների համար և չի իրականացնում մարդու իրավունքների համընդհանուր հարգման սկզբունքը: Այս մասին հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով «Ֆրանս պրեսին»:
Ըստ հաղորդագրության` ֆրանսահայ պատգամավորը հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում Թուրքիան սպառնալիք է ստեղծել յոթ պետությունների համար: Դևեջյանը նաև ցավ է հայտնել, որ ներկայիս թուրքական իշխանությունները հետապնդում են նշանավոր գործիչ, 2006 թ.Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին ընդամենն իր այն հայտարարության համար, որ Հայոց ցեղասպանությունն իրականություն է:
Ֆրանսահայ պատգամավորը նաև կոչ է արել Թուրքիային` դադարեցնել Հայոց ցեղասպանության իրողությունը մերժող հաղորդագրությունների տարածումն, ինչպես նաև քննադատել է ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի քննարկման ընթացքում թուրքական պետության կողմից Ֆրանսիայի տարածքում կազմակերպված բռնությունները:
Հավելենք նաև, որ դեկտեմբերի 28-ին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել թուրքական արտադրության ապրանքների համար սահմանված հարկերը 30%-ով ավելացնելու մասին: