Դավիթ Հարությունյան. Լինդբլադն ինքն է խոստովանել, որ ադրբեջանական լոբբիստ է
«Պարոն Լինդբլադն ինքն է խոստովանել, որ ադրբեջանական լոբբիստ է, աշխատում է «Ադրբեջանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության հետ, նպատակն էլ` Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի ջանքերը խափանելն է»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով շվեդ գործիչ Գորան Լինդբլադի այսօր արած հայտարարությանը` նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Հարությունյանը Գ. Լինդբլադի հայտարարությունները սուտ որակեց:
«Ես նախատեսել էի մի բանաձևի ընդունում, որը ԵԽԽՎ Բյուրոյի կողմից դրական եզրակացության էր արժանացել, և որի նպատակն այն է, որ խաղի կանոններ սահմանվեն ու հնարավոր լինի բացահայտել շահերի բախման դեպքերը»,-նշեց Դավիթ Հարությունյանն ու տեղեկացրեց, որ ԵԽԽՎ Ընթացակարգային հարցերի, անձեռնմխելիության ու ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովում հենց այդ բանաձևի շուրջ կայացած լսումների ժամանակ էլ Գորան Լինդբլադը խոստովանել է ադրբեջանական լոբբիստ լինելը:
Ինչ վերաբերում է Բեռնի հանդիպման ընթացքում իր կողմից, իբր, արված առաջարկին, ըստ որի` եթե Գորան Լինդբլադը փոխի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումը Երևանում անցկացնելու հարցում ունեցած բացասական կարծիքը, դրա դիմաց նրան Երևանում ելույթի հնարավորություն կընձեռվի, ապա Դավիթ Հարությունյանը հարկ համարեց հիշեցնել, որ հիշատակված ֆորումը Երևանում անցկացնելու մասին որոշումը ԵԽ նախարարների կոմիտեն կայացրել է Լինդբլադի կողմից վկայակոչվող Բեռնի հանդիպումից հինգ ամիս առաջ և մինչ այդ հանդիպումը Լինդբլադն արդեն տված է եղել իր բացասական կարծիքը: «Այնպես որ` ստի ոտքը կարճ է, և ստելիս գոնե կարելի էր պատշաճ ժամկետ նշել»,-հավելեց Դավիթ Հարությունյանը:
«Իսկ ինչ վերաբերում է լանչի հրավերին, ապա իմ նպատակն էր դրա ընթացքում պարզել, թե ինչով են պայմանավորված Լինդբլադի ակնհայտ հակահայկական քայլերը: Լանչի ընթացքում ինձ պարզ դարձավ, որ նա կատարում է պատվեր, իսկ հետագայում պարզվեց, որ նա Շվեդիա-Թուրքիա բարեկամական խմբի նախագահն է»,-եզրափակեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հայկական կայքերից մեկին տված հարցազրույցում Լինդբլադն ասել էր. «Բեռնում կայացած հանդիպման ժամանակ Հարությունյանն ինձ հրավիրեց լանչի: Գործընկերոջ համար լանչի ընթացքում վճարելու մեջ ոչ մի վատ բան չկա, դա նորմալ է: Բայց նա ինձ առաջարկեց կարծիքս փոխելու դեպքում Երևանում ապահովել VIP ընդունելություն և Ֆորումին ելույթ ունենալու հնարավորություն: Մի մեծ կաշառք չէր, ու ես դրանից չէի հարստանալու, բայց, այնուամենայնիվ, դա ինձ գնելու փորձ էր: Քաղաքական գործիչներին սովորաբար հեշտ է հաճոյանալ, կարևոր միջոցառումներին խոսելը նրանց համար միշտ գայթակղիչ է: Ես, իհարկե, մերժեցի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը