Սաուդյան Արաբիան Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ում նոր բանաձև է ներկայացրել
Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում տարածել են Սիրիայի վերաբերյալ բանաձևի նոր նախագիծ, որում լիարժեք աջակցություն է հայտնվում Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելուն միտված ծրագրին: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Նախօրեին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը կարծիք էր հայտնել, թե փետրվարի 4-ին Ռուսաստանի և Չինաստանի կողմից սիրիական նախորդ բանաձևի վետոն «խարխլել է ՄԱԿ-ի հանդեպ վստահությունը»:
Սաուդյան Արաբիայի ներկայացրած բանաձևում հակամարտող երկու կողմերին էլ կոչ է արվում վերջ տալ բռնություններին, սակայն հուզումների պատասխանատվության մեծ չափաբաժինը դրվում է Սիրիայի իշխանությունների վրա, որոնք մեղադրվում են « մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների շարունակական ու պարբերական խախտումների համար:»
Բանաձևի նախագծում կոչ է արվում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրվողներին, սակայն Միջազգային քրեական դատարանի մասին ուղղակիորեն չի հիշատակվում:
Նախագծում առաջարկվում է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոն ստեղծել, դրույթ, որը նախորդ բանաձևում բացակայում էր:
Տեղեկատվության համաձայն, նոր բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հնարավոր է քննարկվի արդեն երկուշաբթի օրը:
Հիշեցնենք, Սիրիայի վերաբերյալ նախորդ երկու բանաձևերը, որոնք քննարկվել էին Անվտանգության խորհրդում նախորդ տարվա հոկտեմբեր և սույն թվականի փետրվար ամիսներին, տապալվել էին Ռուսաստանի և Չինաստանի վետոների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը