Քաղաքապետարան. Չինական ավտոբուսներն արդեն վաղվանից դուրս կգան երթուղի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետության կառավարությանը` Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց մի մասն արդեն վաղը դուրս կգան երթուղիներ:
«Հուսով եմ, որ Ձեր ընկերության արտադրության ավտոբուսները երկար կծառայեն մեր քաղաքին, և երևանցիներն էլ սիրով կօգտվեն դրանցից: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգով ևս նախատեսել ենք, որ ուղևորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերություններն աստիճանաբար անցնեն մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներով սպասարկման»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Չինական կողմի հետ քաղաքապետը քննարկել է ավտոբուսների շահագործման և տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաև վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:
«Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինը նշել է, որ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր հարցերը պատրաստ են քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկներ:
«Որպես ավտոբուս արտադրող աշխարհում խոշորագույն ընկերություն, մեր մասնագետների աջակցությամբ կանենք հնարավորը, որպեսզի ավտոբուսները շահագործվեն ճիշտ և ծառայեն Երևանին երկար տարիներ»,-ընդգծել է Խուան Շու Պինը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև առաջիկայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման և չինական ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցության շուրջ հարցեր: