Կ. Աճեմյան. Ադրբեջանի քայլերը չեն նպաստում կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծման
«Հայաստանը կողմ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն Ադրբեջանը՝ չկարողանալով հաղթահարել պարտվածի բարդույթը, մշտապես տարբեր հարթակներն օգտագործում է հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: Ադրբեջանը պետք է զերծ մնա սադրիչ հայտարարություններ հնչեցնելուց ու հարգանք դրսևորի ինչպես հայկական կողմերի, այնպես էլ միջնորդ երկրների նկատմամբ»,- մեկնաբանելով միջազգային հանրության կողմից հնչող այն կոչերը, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը հասնելու ճանապարհին անհրաժեշտ է միմյանց նկատմամբ հարգանք դրսևորել ու զերծ մնալ սադրիչ հայտարարություններից` Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Հիշեցնենք, որ, մասնավորապես ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է. «Ժամանակ չպետք է կորցնել: Վստահությունը, համբերատարությունը և երկուստեք հարգանքը ցանկացած խաղաղ կարգավորման անհրաժեշտ բաղկացուցիչն են: Այդ համատեքստում, անհրաժեշտ է լիցքաթափել շփման գծում առկա լարվածությունը, իսկ կողմերը պետք է զերծ մնան սադրիչ հայտարարություններից»:
«Միջազգայի հանրությունը խոսում է հարգանքի ու համբերատարության մասին, սակայն, հենց այսօր, Ադրբեջանի նախագահը «Եվրանեսթ»-ի լիագումար նիստում սադրիչ հայտարարություններ է հնչեցրել: Բնականաբար, նման ելույթները չեն նպաստում կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծման:
Ցանկացած նման ելույթը մեզ հեռացնում է խնդրի լուծմանը հասնելու հնարավորությունից: Արցախի հարցի կարգավորմանը կարող ենք հասնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասաց Կ. Աճեմյանը:
Ըստ բանախոսի՝ հայկական կողմը մշտապես հավատարիմ է եղել ձեռք բերված պայմանավորվածություններին և ի տարբերություն Ադրբեջանի, իրեն դրսևորել որպես կառուցողական կողմ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի նախագահը «Եվրանեսթ»-ի լիագումար նիտում ունեցած իր ելույթում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին. «Ելույթը բավականին կոշտ էր, ինչը կարծում եմ անսպասելի էր նաև մեր եվրոպացի գործընկերների համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց