Սիրիայում հարգել են անմեղ զոհերի հիշատակը
Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակի կապակցությամբ երեկ Դամասկոսի առաջնորդանիստ Սբ. Սարգիս Եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ, ապա հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո սգո արարողության մասնակիցներն ուղևորվել են Դամասկոսի հայոց գերեզմանատուն` ուր գտնվում է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հուշահամալիրում Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են զետեղել Եղեռնի զոհերի հուշարձանին:
Արարողությանը մասնակցել են բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:
Նույն օրը Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելել են սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը, համայնքի կուսակցական և միութենական ղեկավարները, գաղութի ներկայացուցիչները և գրառում են կատարել ոգեկոչման հուշամատյանում:
Թուրքիան, ավանդաբար, հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց