![](https://panorama.am/news_images/249/746452_1/f55c5e75dba056_55c5e75dba458.thumb.jpg)
ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչը պարզաբանել է 27 տոկոս հարստացված ուրանի մասին տեղեկատվությունը
Իրանում 27 տոկոս հարստացված ուրանի հետքեր երևալու փաստը տեխնիկական պատճառներ ունի: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն:
ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչը, մեկնաբանելով արևմտյան որոշ լրատվամիջոցների այն պնդումները, թե Իրանում 27 տոկոս հարստացված ուրանի հետքեր են հայտնաբերվել, նշել է. «Ինչպես ԱԷՄԳ-ի զեկույցում է նշված` 27 տոկոս հարստացված ուրանի մասին հարցը սովորական տեխնիկական հարց է, որը ներկայում հետաքննվում է մասնագետների կողմից: Այլ երկրներում ևս պատահում են նմանատիպ տեխնիկական խնդիրներ. Ուստի` որոշ ուժեր փորձում են քաղաքականացնել այս հարցը և թուլացնել Իրանի և ԱԷՄԳ-ի միջև առկա համագործակցությունը»:
Սոլթանիեն հավելել է, որ ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը վկայում է, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի խաղաղ բնույթ:
Հավելենք, որ օրերս Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն հայտարարել էր, որ միջուկային ծրագրի առնչությամբ շուտով Իրանի և ԱԷՄԳ-ի միջև համաձայնագիր կստորագրվի:
Հիշեցնենք, որ մայիսի 23-25-ը միջուկային ծրագրի շուրջ Բաղդադում տեղի ունեցավ Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև բանակցություների երկրորդ փուլը, իսկ մինչ այդ՝ ապրիլի 14-ին, Ստամբուլում կայացել էր Իրանի և «5+1 խմբի» հանդիպման առաջին փուլը:
Բաղդադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին Իրանի և «5+1 խմբի» հաջորդ հանդիպումն անցկացնել հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)