Ղազախստանի պաշտպանության նախարարը պարգևատրվեց «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով
Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՂՀ պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Ստորագրման արարողության ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և առկա են բոլոր նախապայմանները համագործակցության ընդլայնման ու զարգացման համար: Նախարարն արձանագրել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Ղազախստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ երկու գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագիրը: Եվ այս համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն կտա համագործակցել ռազմական տեխնիկայի փոխանակման, սպասարկման և նորոգման, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ:
Իր հերթին Ղազախստանի պաշտպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է, որ ստորագրված համաձայնագիրը կարևոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Նա հավելել է, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը ներառում է ինչպես ռազմական կրթության ու ուսուցման, այնպես էլ փորձի փոխանակման և ռազմատեխնիկական ոլորտները:
Նույն օրը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ընդունել է նաև ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Այցի շրջանակներում Ղազախստանի պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել ինստիտուտի կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացին: