Արիության մեդալ` Չինարիում թշնամու գնդակից զոհված զինվորներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ շքանշանով և մեդալներով.
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Ռազմիկի Սանամյանը: Արիության մեդալով պարգևատրվել են շարքային Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Կարեն Կամոյի Դավթյանը (հետմահու), շարքային-պայմանագրային Սեդրակ Արմենի Սամսոնյանը, շարքային Հրաչ Սամվելի Սարգսյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը (հետմահու): Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են շարքային-պայմանագրային Կարեն Յուրիկի Ալիխանյանը, կապիտան Վահագն Արամի Թումասյանը, փոխգնդապետ Արմեն Իվանի Լալայանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը:
Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության հետևաքով զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: