Արտակ Եդիգարյան. «Վերջին տարիներին Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ է դարձել»
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է հարմարվում իր նոր թիմում, ովքեր են իրեն օգնում Դոնեցկում և ինչի է ձգտում «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կազմում:
- Պրոֆեսիոնալ կարիերայիս ընթացքում միայն «Փյունիկում» եմ խաղացել: Հայաստանի առաջնությունում շատ եմ հաղթել, այդ իսկ պատճառով ուրախությամբ արձագանքեցի Դոնեցկից ստացած հրավերին: Ուկրաինայի առաջնությունը շատ ուժեղ է, այստեղ քիչ չեն հայ ֆուտբոլիստները: Ես պետք է աճեմ «Մետալուրգի» հետ միասին: Առաջիկա խնդիրը հիմնական կազմում ամրապնդվելն է:
- Մեկնարկային կազմում հիմնական տեղի համար պայքարում քո մրցակիցը Դենիս Գոլայդո՞ն է:
- Գիտեք` ես աջլիկ եմ, բայց մարզիչները հաճախ ինձ պաշտպանության ձախ եզրում են խաղացնում: Դա նորմալ է: Կարևորը թիմին օգնելն ու հաղթելն է: Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա մրցակիցներս են թե Նիկոլայ Մորոզյուկը, թե Դենիս Գոլայդոնը: Սակայն խաղադաշտից դուրս մենք ընկերական լավ հարաբերությունների մեջ ենք: Այնուամենայնիվ, ողջ ուժերս կներդնեմ` գլխավոր մարզչի վստահությունը արդարացնելու համար:
- Արտակ, ի՞նչ կարող ես ասել Եվրոպայի լիգայում «Մետալուրգի» մրցելույթների մասին:
- Մենք պարտվեցինք ոչ ամենաուժեղ թիմին` նորվեգական «Տրոմսեին»: Գոլային պահերի չիրացումը խանգարեց: Այդ թիմի արգելքը պետք է հաղթահարեինք: Ցավալի էր, այսքան վաղ Եվրոպայի լիգայից դուրս մնալու փաստը:
- Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը քեզ շա՞տ օգնեցին թիմում հարմարվել:
- Իհարկե: Տղաները, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, ինձ օգնեցին հարմարվել Դոնեցկում:
- Ու՞մ ես համարում այսօրվա «Մետալուրգի» առաջատարը:
- Չեմ ցանկանում ինչ-որ մեկին առանձնացնել: Մեզ մոտ շատ փորձառու ֆուտբոլիստներ կան, և որպես թիմ էլ մենք ուժեղ ենք:
- Քո կարծիքով, ինչու՞ թիմը պարտվեց Ուժգորոդում:
- Դժվար է մեկ պատճառ գտնելը: Հավանաբար, ցույց չտվեցինք մեր լավագույն ֆուտբոլը: Պետք է չկրկնել սեփական սխալները: Կփորձենք հետագայում ուրախացնել մեր երկրպագուներին հաղթանակներով:
- Արտակ, առջևում թիմի տնային հանդիպումն է «Կրիվբասի» հետ: Ինչպիսի՞ սպասելիքներ կան առաջիկա խաղից:
- Մոտ օրերս մենք կուսումնասիրենք «Կրիվբասին»: Մրցակիցն առաջնության վերջին խաղերում հաղթել է, իսկ մենք պետք է հաղթենք և վաստակենք 3 միավոր:
- Անցնենք Հայաստանի հավաքականին, որտեղ դու խաղում ես: Ինչպե՞ս են ընթանում գործերը:
- Նորմալ: Վերջին տարիներին մեր հավաքականն ավելի ուժեղ է դարձել: Բոլոր տղաները ցանկանում են Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, որը տեղի կունենա Բրազիլիայում: Այո, մեր խումբը շատ բարդ է, բայց մենք կփորձենք ուղեգիր նվաճել: