Իրանը «Ազերբայջան» անունը կրելու համար Բաքվին պաշտոնապես պետք է բողոքի նոտա հղի. Պահանջում են Իրանի ազարի մտավորականները
Իրանի ԱԳՆ-ն պետք է Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությանը համարժեք քաղաքականություն վարի:
Այդ մասին իրանական «ազարիհա.օրգ» կայքի հաղորդմամբ՝ նշված է Իրանի ազարի մտավորականների տարածած համատեղ հայտարարության մեջ:
Ավելի քան 100 մտավորականների տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Արդեն շուրջ 100 տարի է, ինչ Արան և Շիրվան տարածքները կեղծիքի շնորհիվ անվանվում են «Ազարբայջան»: Բաքվի ռեժիմի կողմից Իսրայելից գնված հրթիռները նշան են բռնել Թավրիզի և իրանցի թյուրքախոս ազարիներով բնակեցված քաղաքների ուղղությամբ և պատրաստ են կրակել Իրանի սրտին: Արդեն 20 տարի է, ինչ Բաքվի ռեժիմի կողմից Իրանի նկատմամբ վարվող թշնամական գործունեությունը չի նվազել»:
Իրանի ազարի մտավորականության ներկայացուցիչները դիմելով Իրանի կառավարությանը, պահանջել են.
1. Իրանի կառավարությունը պատմական Ազարբայջանի անունը կրելու համար Բաքվի կառավարությանը պաշտոնապես պետք է բողոքի նոտա հղի:
2. Իրանի ԱԳ նախարարությունը և Բաքվի Հանրապետությունում Իրանի դեսպանը պետք է ուշադրություն դարձնեն Բաքվի ռեժիմի վարած հակաիրանական քաղաքականությանը:
3. Իրանը պետք է վերանայի վերջին 20 տարվա ընթացքում Ադրբեջանին տրվող ֆինանսական և ռազմական օգնության տրամադրումը: