Ա.Ադիբեկյան. Արամ Հարությունյանը միայն 45 տարի հետո կհավաքի նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ ձայն
«Պետք է լինես խարիզմատիկ դեմք, ունենաս թիմ ու այդ թիմը պահելու հմտություններ, այլապես խեղկատակ կդառնաս»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով նախագահի թեկնածուների ինստիտուտին:
Արամ Հարությունյանը, հիշեցրեց նա, 2003թ-ի նախագահական ընտրություններում հավաքել էր 1300 ձայն, հաջորդ ընտրություններում` 2900, այնպես որ եթե այսպես գնա, ապա 45 տարի հետո նա կհավաքի նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ ձայն: Սակայն նման մոտեցումները` մասնակցել, մանկամտության հետևանք է և մարդիկ չեն գիտակցում, որ նախագահական ընտրությունները վերելակ չի, որ նստես ու կոճակը սեղմես: Ըստ Ահարոն Ադիբեկյանի` պետք է անցնես այդ ճանապարհը` նախագահ դառնալու ճանապարհը: Այլապես, կրկնեց նա, խեղկատակի ես վերածվում, որն էլ ակնհայտ մատնացույց է անում նաև նմանատիպ թեկնածուների տգիտության մակարդակը. «Նրանց համար ընտրությունները, փաստորեն, վերածվում են մութ սենյակում սև կատու փնտրելուն»,- ընդգծեց սոցիոլոգը ու ավելացրեց, որ խոսքը քաղաքական կենսագրություն ունեցող թեկնածուներին իհարկե չի վերաբերում:
Անդրադառնալով ներկայիս զարգացումներին, Ա.Ադիբեկյանը կրկնեց երկու օր առաջ հնչեցրած միտքը` տեսականորեն երկրորդ փուլը հնարավոր է, սակայն դա շատ դժվարին գործընթաց է. «Քաղաքական գործընթացը դինամիկ պրոցես է, փոփոխությունների ենթակա: Ընտրողների 1/3ը վերջնական որոշում կայացնում է ընտրություններից անմիջապես առաջ` մեկ շաբաթ առաջ»,-տեղեկացրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ