Հունվարին հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.1%-ի գնաճ
2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.1% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 11.8-31.8% գնաճը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.8% գնաճ, իսկ 4-ում`2.0-0.1% գնանկում:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա հունվարին 2012թ. հունվարի համեմատ արձանագրվել է 10.1% գնանկում, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ` 31.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի` 37.4%, սմբուկի` 59.2%, կանաչ սոխի`64.7%, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ պղպեղի`2.2 անգամ գնաճով: 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ կարտոֆիլի գինն աճել է 7.4%-ով, սխտորինը` 9.4%-ով, ճակնդեղինը`18.7%-ով, բողկինը` 24.3%-ով, գլուխ սոխինը`24.4%-ով, գազարինը`25.0%-ով, վարունգինը` 25.1%-ով, կաղամբինը`29.1%-ով:
Հանրապետության դիտարկված քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 18.2-46.3%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում:
Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 29.8%-ով:
Ինչ վերաբերում է մրգի ապրանքախմբին, ապա, ըստ Գ.Մարտիրոսյանի, 2013թ. հունվարին 2012թ. հունվարի համեմատ այստեղ արձանագրվել է 1.9%, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ` 11.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է ադամաթզի` 12.5%, խնձորի` 16.2%, նռան` 17.0%, մանդարինի` 20.3%, տանձի` 22.1%, ընկույզի միջուկի` 25.0%, արքայանարնջի` 31.0% գնաճը: 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նարնջի և կիտրոնի` համապատասխանաբար 2.8% և 8.1% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մրգի գներն աճել են 3.9-23.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 10.3%-ով:
Ձվի հանրապետական միջին գինը 2013թ. հունվարին 2012թ. հունվարի համեմատ աճել է 0.8%-ով, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ`4.6%-ով:
Անդրադառնալով կաթնամթերքի ապրանքախմբին, նա նշեց, որ 2013թ. հունվարին 2012թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.7% գնանկում, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ`2.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է յոգուրտի` 2.3%, «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների` համապատասխանաբար 2.6% և 2.9%, կաթնաշոռի` 4.0%, թարմ կաթի` 5.0%, մածունի` 5.3% գնաճով: 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խտացրած կաթի, մայոնեզի, թթվասերի` 0.7-1.7% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում արձանագրվել է կաթնամթերքի 0.5-5.5% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում կաթնամթերքի գներն աճել են 2.1%-ով:
Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. հունվարին 2012թ. հունվարի համեմատ արձանագրվել է 1.6% գնանկում, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ`1.8% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. հունվարին 2012թ. հունվարի համեմատ գրանցվել է 3.5%, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ`1.0% գնաճ: 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի, ոչխարի, տավարի մսերի` համապատասխանաբար 0.7%, 1.2% և 1.9%, բաստուրմայի`1.0%, տավարի ֆիլեի` 1.1%, աղացած մսի` 1.5%, տավարի մսի պահածոյի` 5.2% գնաճ:
Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է մսամթերքի 0.2-2.7% գնաճ, 3-ում`1.7-0.5% գնանկում, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.3%-ով:
Ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում 2013թ. հունվարին 2012թ. հունվարի համեմատ գրանցվել է 4.7%, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ`2.4% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է հայրենական արտադրության ծխախոտի`3.3% գնաճով:
2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, կենդանական և բուսական յուղերի`0.1-1.1% գնաճ:
Միաժամանակ, շաքարավազի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի ապրանքախմբերում գրանցվել է 2.0-0.1% գնանկում: