Թուրքիան կարտադրի սեփական կործանիչներ
Թուրքական «Հաբերթյուրք» (Habertürk) լրատվամիջոցի տեղեկացմամբ` 6 մասնագետից բաղկացած թիմը 2010թ-ից սկսած նախագծում է հայրենական կործանիչ: Կործանիչի նախագծման աշխատանքները մինչև այս տարվա վերջ ավարտին կհասցվեն: Այն կներկայացվի Թուրքիայի ռազմական արդյունաբերության գործադիր խորհրդին:
Ըստ աղբյուրի` թուրք մասնագետների առաջ խնդիր է դրված կանխատեսել 2030թ. տեխնիկայի զարգացման մակարդակը և ստեղծել այս ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան կործանիչ: Նախապես 6 մոդել է առաջարկվել, ավելի ուշ թիմը կենտրոնացել է 3 մոդելի վրա:
Թուրք մասնագետները կարծում են, որ 2030-ից հետո ռազմական ինքնաթիռների «շքախումբը» կլինի հետևյալ համամասնությամբ` 1 օդաչուով ինքաթիռ դիմացից և 4 անօդաչու` հետևից: Այս մասնագետների կողմից նախագծվում են նաև երկօդաչու ինքնաթիռներ: Նախատեսվում է, որ 2-րդ օդաչուն կուղղորդի անօդաչու ինքնաթիռներին:
Քանի որ այդ տարիներին հնարավոր կլինի հեշտությամբ սահմանափակել անօդաչու ինքնաթիռների կապը երկրի կայանների հետ, այդ պատճառով ավելի նպատակահարմար կլինի դրանք ղեկավարել անմիջապես օդում:
Թուրքական կործանիչը կունենա «տեսիլքի» ֆունկցիա. ռադարում կկրի անհետացնող պատյան: Դա կարվի բորե (քիմիական տարր) պատյանի միջոցով:
Նախագծում ամենաշատ աշխատանք պահանջող մասը շարժիչն է: Քանի որ ինքնաթիռի շարժիչի նախագծման համար անհրաժեշտ է նվազագույնը 30 տարի, այդ պատճառով որոշվել է դրանք ներկրել արտասահմանից: Այս հարցով Թուրքիան նախատեսում է բանակցել ԱՄՆ-ի General Electric ve Pratt &Whitney, Եվրոպական Eurofighter և ռուսական ընկերությունների հետ: