«Haberturk». Սիրիայում մարդու իրավունքների խախտումները դատապարտող Թուրքիան Ադրբեջանի հարցում լռում է
Թուրք հեռուստահաղորդավար Ամբերին Զամանը «Haberturk» պարբերականի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցած վերջին բողոքի ակցիաներին և իշխանության կողմից գործադրված բռնություններին:
Ինչպես հայտնում է «Ազադլիգ» թերթը, հեղինակը գրում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրա կազմում գտնվող թուրքալեզու պետությունների ժողովրդավարացման հետ կապված Թուրքիայի սպասումները անցած 22 տարիներին չեն արդարացել:
Հոդվածում նշվում է, որ Ուզբեկստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նման, Ադրբեջանում ևս բռնատիրություն է, և երկիրը նման է վառոդի տակառի: Ամբերին Զամանը միջազգային հանրությանը կոչ է անում այսօր ուշադրություն դարձնել աշխարհի քարտեզի վրա պատկերված այդ փոքրիկ կետին, քանի որ հետո կարող է ուշ լինել: Հեղինակի կարծիքով` երկրում, որտեղ դատարանները պատվերով են գործում, իսկ դպրոցներում ու հիվանդանոցներում կաշառակերություն է տիրում, կրոնական արմատականացումն անխուսափելի է, և անհրաժեշտ է նպաստել նման երևույթների դեմ պայքարին:
«Ադրբեջանում մեծ է կաշառակերության՝ «խավիարային դիվանագիտության գործոնը: ԵԽԽՎ-ում փող և թանկարժեք նվերներ բաժանվեցին: Քաղբանտարկյալների հետ կապված զեկույցը ԵԽ-ում չընդունվեց. հարյուրից ավելի անդամներ զեկույցին «ոչ» ասացին և աջակցեցին քաղաքական հայացքների համար մարդկանց բանտ նետող ռեժիմին: Այժմ այդ զեկույցին «ոչ» ասած ԵԽ անդամները, որոնց մեջ թուրք պատգամավորներ էլ կան, պատասխանատու են Ադրբեջանում ձերբակալված ամեն մարդու համար: Նրանք կանգնեցին ոչ թե Ադրբեջանի ժողովրդի, այլ այդ ժողովրդին շահագործող ռեժիմի կողքին: Բռնապետության թելերը հորից ժառանգած որդի Իլհամ Ալիևը վերջին շրջանում ավելի է մեծացրել ընդդիմության նկատմամբ ճնշումները: Սիրիայում մարդու իրավունքների համար աղաղակող Թուրքիան լռում է: Գործազրկության, եկամուտների անհավասար բախշման, կաշառակերության նկատմամբ այլևս համբերությունը հատած Ադրբեջանի ժողովուրդը նման է վառոդի տակառի» -գրել է թուրք լրագրողը:
Ամբերին Զամանը քննադատել է նաև Թուրքիայում տիրող իրավիճակը՝ ցավ հայտնելով իր երկրում տասնյակ լրագրողների բանտերում գտնվելու փաստի առնչությամբ: