Շ.Թորոսյանը` «Վրաստանի մառազմատիկ դրսևորումների» մասին
«Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս Ախալքալաքի ներկայացուցչական մարմնի որոշմանը` դիմել Վրաստանի իշխանություններին, որպեսզի հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրվի և որի հետևանքով բողոքի ալիք անցավ նախագահ Սաակաշվիլու կողմնակիցների շրջանում, նշեց, որ դեռևս իրավիճակը նույնն է` լարվածությունը մնում է:
Հիշեցնենք, Ախալքալաքի ներկայացուցչական մարմինը պատրաստվում է դիմել Վրաստանի խորհրդարանին Եվրոպական խարտիան վավերացնելու և հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու համար:
«Վրաստանի նախագահը օրերս հայտարարել էր, որ ինքը դեմ է այդ խարտիայի ընդունմանը, որ դա վնասելու է Վրաստանի վարած քաղաքականությանը Ջավախքում: Այդ ենթատեքստում նաև դեմ է, որ Վահագն Չախալյանն ազատ է արձակվել: Նա հայտարարել է, որ վերջինս դեռ վեց տարի էլ պետք է մնար բանտում և այդ վեց տարում Ջավախքում բոլորը պետք է վրացերեն խոսեին, Ջավախքը պետք է ծաղկեր և այլն: Այստեղ ուղղակի հարց է առաջանում` եթե անմեղ դատապարտված այդ անձնավորությունը ազատության մեջ է, ով է խանգարում, որ վրացերենը տարածվի Ջավախքում կամ Ջավախքը ծաղկի, ինչպես ինքն է նշում, և Ջավախքի կենսամակարդակը երկու-երեք անգամ բարձրանա»,- նշեց Շ.Թորոսյանն ու ավելացրեց` «խնդրեմ թող անեն, ոչ ոք իրենց չի խանգարում».
«Բայց, կարծում եմ, որ ավելի ճիշտ ու նպատակահարմար կլինի վրացերեն լեզվի ուսուցումը, բայց ոչ հայերենի հաշվին դա տեղի ունենա: Ընդամենը մարդիկ հանդես են գալիս ազգային փոքրամասնության ամենակարևոր իրավունքի իրացման օգտին»,- հավելեց նա:
Ընդհանուր առմամբ Շ.Թորոսյանը նման դրսևորումները որակում է մառազմատիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին