Ադբաշյան. «Ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակի համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում»
Ապրիլի 3-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպել են Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուները՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ և քննարկելով դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, ՀԽ նախագահն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ կազմակերպել քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկումը տեղի կունենա ապրիլի 11-ին, որի վերաբերյալ լրացուցիչ կտրվի տեղեկատվություն:
Նույն աղբյուր համաձայն՝ այսօր Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում քննարկման նախապատրաստական նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում կրկին բարձրացվել են «Արմավիա» ընկերության ներկա իրավիճակին, Հայաստանի քաղավիացիայի խնդիրներին և հետագա ճակատագրին առնչվող հարցեր:
Քննարկվել են «Արմավիայի» սնանկացման պատճառներն ու հետևանքները, հնչել են Հայաստանի քաղավիացիայի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ:
Ենթահանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանն անդրադարձել է քաղավիացիայի ոլորտի օրենսդրությանը՝ մատնանշելով օրենքում առկա բացերը:
Նա անհրաժեշտ է համարել Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի ընդունումը, երկրի քաղավիացիան փրկելու ազգային ծրագրի մշակումն, ինչպես նաև այդ ծրագրի իրականացման վրա հասարակական վերահսկողության սահմանումը:
Ադբաշյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այսօր ազգային ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակի համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում: Այդ փաստը նույնպես նա համարել է օրենսդրության թերի լինելու հետևանք:
Ենթահանձնաժողովի անդամները հստակեցրել են այն հարցերն ու առաջարկները, որոնք պետք է ներկայացվեն ապրիլի 11-ին կայանալիք քննարկման ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան