Հրապարակվել է «Մագնիտսկու ցուցակը». Ռուսաստանը պատասխան քայլերն է պատրաստում
Միացյալ Նահանգներում նախօրեին երեկոյան հրապարակվել է «Մագնիտսկու ցուցակը», որը պատժամիջոցներ է նախատեսում ՌԴ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Ի հեճուկս կանխատեսումների, հրապարակված անձանց ցանկում բացակայում են ռուս պաշտոնյաներ, ցուցակում առկա է 18 անուն, որոնցից 16-ն, ըստ ամերիկյան կողմի, ուղղակիորեն պատասխանատվություն է կրել ռուս իրավաբան ու իրավապաշտպան, «Hermitage Capital» հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու բանտում չբացահայտված հանգամանքներում մահվան հետ:
Ցանկում են հայտնվել «Բուտիրկա» քրեակատարողական հիմնարկի նախկին տնօրենը, երեք հետաքննիչ, երկու դատավոր, հարկային մարմինների և ուժային կառույցների նախկին և ներկա մի քանի աշխատակիցներ: Մագնիստկու ցուցակի երկու անդամները Չեչնիայի բնակիչներն են, ովքեր ուղղակիորեն չեն առնչվում ռուս իրավապաշտպանի մահվան հետ, սակայն մեղադրվում են տարաբնույթ հանցագործություների համար:
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն հայտարարել է, թե Ռուսաստանը կհրապարակի իր «հակամագնիտստկու ցուցակը» մեկ-երկու օրից: Նա նշել է նաև, թե ռուսական ցուցակը համարժեք կլինի ամերիկյանին:
Հիշեցնենք, Մագնիտսկու ցուցակի առաջին տարբերակը, որը կազմվել էր ամերիկացի սենատոր Բենյամին Քարդինի կողմից, ներառում էր 60 անուն: Ավելի ուշ Սպիտակ Տանն առաջարկել էին ցանկում ընդգրկել 240 ՌԴ քաղաքացու, այնուհետև` 280: Վերջին տարբերակը Օբամայի վարչակազմին էր հանձնել օրինագծի հեղինակներից Ջեյմս Մքգովերնը, ով սպառնացել էր, թե կոնգրեսում կներկայացնի ավելի խիստ օրինագիծ, եթե Սպիտակ Տունը կրճատի ներկայացված փաստաթուղթը: