Ս. Լավրով. Հայաստանն ու Ռուսաստանը անփոփոխ աջակցում են միմյանց, այդպես կլինի և հետագայում
Ռուս-հայկական հարաբերությունները գործընկերային, ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ են: Սա հաստատվում է ոչ միայն բարձր մակարդակի քաղաքական երկխոսության բարձր որակով, այլև միջկառավարական կապերով, առևտրա-տնտեսական և ներդրումային փոխգործակցությամբ: Այս մասին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած բանակություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ իրավա-պայմանագրային բազայի ամրապնդմանն ուղղված քայլերի առումով, և ընթացքի մեջ է 20 համաձայնագրերի նախագծերի կազմումը: Ս. Լավրովը հույս է հայտնել, որ մոտ ապագայում դրանք կստորագրվեն:
«Առաջընթաց ենք արձանագրել Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածության հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունների քննարկման վերաբերյալ պետությունների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Դրական ենք գնահատում ռուս-հայկական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որը ձևավորվել է համապատասխան հարցերի քննարկման համար»,- նշել է Ս. Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը բարձր է գնահատել ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության արդյունավետությունը:
«Ռուսաստանն ու Հայաստանը հավատարիմ են պետությունների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածություններին, որոնք միտված են կազմակերպության հնարավորությունների ամրապնդմանը՝ արձագանքելու արտաքին ցանկացած սպառնալիքի և ապահովելու անդամ պետությունների ինքնիշխանությունը: Կազմակերպությունն ունի աշխատանքի ևս մեկ շատ կարևոր ոչ ռազմական, այլ արտաքին քաղաքական ուղղություն, որը վերաբերում է միջազգային ասպարեզում գործողությունների համաձայնեցմանը՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ կառույցներում: Կարող եմ ասել, որ այդ առումով մենք ունենք օրինակելի համագործակցություն, մենք անփոփոխ աջակցում ենք միմյանց, այդպես կլինի և հետագայում»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը: