ՌԴ-ում ԻԻՀ դեսպան. «S 300» համակարգերը հանձնելու դեպքում Իրանը կհրաժարվի Ռուսաստանի դեմ բողոքից
«S 300» համակարգերը հանձնելու դեպքում Իրանը կհրաժարվի Ռուսաստանի դեմ բողոքից:
Այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Սեյյեդ Մահմուդ Ռեզա Սաջջադին:
Իրանի դեսպանը, անդրադառնալով «S 300» ՀՀՊ համակարգերի շուրջ Մոսկվայի և Թեհրանի միջև ծագած վեճին, նշել է. «Ներկայում Շվեյցարիայի դատաիրավարարական ատյաններում դատական գործընթացներ են ընթանում: Ջանքեր են գործադրվում, որպեսզի ռուսական կողմի հետ հաշտության պայմանագիր կնքվի»:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ «S 300» հրթիռային համակարգի հանձնման պայմանագրի բեկանման հարցով Իրանը 4 միլիարդ դոլլար հատուցում ստանալու պահանջով Ռուսաստանի սպառազինության ու ռազմարդյունաբերության արտահանման ու ներկրման պետական «Ռուս Օբորոն Էքսպորտ» ընկերության դեմ բողոքի հայց է ներկայացրել Շվեյցարիայում գտնվող միջազգային դատարան:
«ԻԻՀ և ՌԴ միջև «S 300» հրթիռային համակարգերի վաճառքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, համաձայն որի՝Ռուսաստանը Իրանին պետք է հանձներ շուրջ 800 միլիոն դոլլար արժողությամբ հակաօդային պաշտպանության այդ համակարգի 5 բաղադրամասերը, որը, սակայն, արևմտյան որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի գործադրած ճնշումների պատճառով չի տրամադրվել»,-նշում է իրանական աղբյուրը: