Թոմաս դե Վաալ. Չնայած Ադրբեջանում նոր սերունդն ավելի ագրեսիվ է, բայց ադրբեջանական հասարակությունը նոր պատերազմ չի ուզում
ԼՂ հակամարտության մեջ կա որոշակի օրգանականություն, որը հինախնդրի ծագումը դարձում էր անխուսափելի: Այս մասին այսօր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի վերախմբագրված հրատարակման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Կարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը` հավելելով որ հիմնախնդրի անխուսափելիության հիմքը Խորհրդային միության թողած ժառանգությունն էր:
Ըստ բանախոսի` ԼՂ հակամարտությունը ոչ միայն շարունակում է մնալ չլուծված, այլ գնալով ավելի է բարդանում:
«Կողմերի միջև վստահության պակասը գնալով էլ ավելի է խորանում: Շատ բան տեղի է ունենում հիմնախնդրի շուրջ, սակայն բուն հիմնախնդրում ոչինչ չի փոխվում»,- նշեց Թոմաս դե Վաալը:
Ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա ըստ բանախոսի, պատերազմի ռիսկը՝ թեկուզ ոչ ընդգծված, այնուամենայնիվ, առկա է:
«Իհարկե, պատերազմի ռիսկը՝ թեկուզ ոչ ընդգծված, այնուամենայնիվ, առկա է, ընդ որում՝ մի քանի հնարավոր վարկածներով: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի ագրեսիային, ապա պետք է ասել, որ եթե ադրբեջանցիներն ագրեսիվ են, ապա հայերն էլ են ագրեսիվ, պարզապես պակաս չափով: Միաժամանակ, ԼՂ հակամարտությունն Ադրբեջանում քաղաքական դիսկուրսների առարկա է, բայց ոչ՝ հասարակական քննարկումների: Ղարաբաղը ադրբեջանցիների խոսակցության առաջնային թեման չէ, այլ միայն չորրորդական-հինգերորդական»,- նշեց Թոմաս դե Վաալը:
Նրա կարծիքով` Ադրբեջանն ավելի շահագրգռված է փոխելու ստատուս քվոն, բայց պատերազմի վերսկսման դեպքում չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է ամեն ինչ կորցնել։
«Երբ հայերը կարդում են Ալիևի հայտարարությունները, բնականաբար անվստահություն ու վախ է առաջանում, բայց ադրբեջանական հասարակությունը նոր պատերազմ չի ուզում, չնայած Ադրբեջանում նոր սերունդն ավելի ագրեսիվ է, քան նրանց հայրերն ու պապերը։ Ադրբեջանցիներն, իհարկե, ագրեսիվ են, բայց հայերն էլ են ագրեսիվ, ուղղակի պասիվ ագրեսիվ,- ասաց Թոմաս դե Վաալը։
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի խնդրին` բանախոսը նշեց, որ նա ոչ բոլոր ադրբեջանցիների համար է հերոս: «Շատերը նույնիսկ սարսափած էին կատարվածից։ Նույնիսկ իշխանությունն ուշացումով հասկացավ, որ դա սխալ քայլ էր։ Դա պարզապես ճիշտ հաշվարկ չէր»,- ասաց Թոմաս դե Վաալը:
Ինչ վերաբերում է իր հեղինակած գրքի վերահրատաևրակմանը, ապա նա հայտնեց, որ վերահրատարակված տարբերակում տեղ է գտել մի գլուխ, որում խոսքը վերջին տասը տարիներին ադրբեջանական նավթային բումի, այդ երկրում Իլհամ Ալիևի իշխանության գալու, Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու մասին է:
Նա նաև նշեց, որ իր գիրքը հակամարտության լուծմանը որևէ կերպ չի օգնել, սակայն դրանում շատ են դրվագները, որոնք նորություն են ընթերցողների համար:
Բանախսի կարծիքով` իր գրքի վերախմբագրումը չի նշանակում, որ իր հայացքներն ու դիրքորոշումը փոխվել են։ Թեև գրքի առաջին հրատարակումից հետո կոնֆլիկտը դեռևս չի լուծվել, բայց շատ բան, այնուամենայնիվ, փոխվել է։
Կարդացեք նաև`Հայ-ադրբեջանական հարաբերությունների ախտորոշումը` մեկ հարցազրույցով