Դ. Բաբայան. Ադրբեջանը մշտապես Արցախի նկատմամբ «հիդրոահաբեկչության» քաղաքականություն է վարել
Վերջին շրջանում, Ադրբեջանը տարբեր ձևաչափերով հանդիպումներում փորձում է առաջ մղել Արցախի հյուսիսային հատվածում գտնվող Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը՝ այն անվանելով պոտենցիալ աղետ ադրբեջանական 6 շրջանների համար: Թեմայի ակտիվացման ու Ադրբեջանի հետապնդած նպատակների մասին Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:
«Սարսանգի ջրամբարի շուրջ ստեղծված աղմուկը Ադրբեջանի կողմից բարձրացված հերթական հակահայական ալիքն է, որը ծնվեց ոչնչից, ուռճացվեց, ապա հնարավոր բոլոր առումներով շահարկվեց:
Նախ, Ադրբեջանում առաջիկայում նախագահական ընտրություններ են և դա իշխանությունների համար հնարավորությունը երկրում առկա բազմաթիվ խնդիրներից շեղելու ու այլ՝ իրենց հարմար օրակարգ թելադրելու համար:
Երկրորդ, ջրային ռեսուրսների հարցը հիմնախնդրի բաղկացուցիչ մասն է կազմում այն պատճառով, որ Ադրբեջանը մշտապես Արցախի նկատմամբ «հիդրոահաբեկչության» քաղաքականություն է իրականացնում:
Ադրբեջանցիները ջրային ռեսուրսները թունավորելու պրակտիկա ունեն, որոնք ժամանակին կիրառել են Արցախի տարբեր հատվածներում: Մասնավորապես, թունավորման դեպքեր 90-ականներին արձանագրվել է Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում: Ապացուցված փաստ է, որ ադրբեջանցիները ջրի մեջ թունաքիմիկատներ են լցրել, ինչի արդյունքում թունավորման մեծ թվով դեպքեր են գրանցվել, իսկ շատերը մինչև այժմ տարբեր հիվանդություններով են տառապում:
Եթե իսկապես Ադրբեջանին «հումանիտար» խնդիրները հետաքրքրեին ու նա ցանկություն ունենար նպաստեր հումանիտար համագործակցության զարգացմանը, ապա ժամանակին չէր մերժի Արցախի առաջարկը՝ ջրային պաշարների համատեղ օգտագործման մասին:
Ժամանակին Ադրբեջանը չհամաձայնվեց համագործակցել մեզ հետ, ինչի արդյունքում Ադրբեջանի մի շարք շրջաններ մինչև հիմա զրկված են ոռոգման հնարավորություններից, իսկ այսօր ադրբեջանցիները փորձում են ցույց տա, թե իբր մտահոգված են այդ նույն մարդկանց ճակատագրով:
Ադրբեջանը այս պահին մեկ խնդիր է հետապնդում, որքան հարավոր է Ղարաբաղի հետ կապված մեծ աղմուկ բարձրացնել: