«Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիա. Տասնյակ երկրներում ընդունվում է միջազգային վարորդական իրավունքի վկայականը
Հուլիսի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարը պատճառ է դարձել, որպեսզի Ռուսաստանում նոր օրինագիծ մշակվի, որի համաձայն՝ այդ երկրի տարածքում աշխատող արտերկրացի վարորդներին պարտադրվելու է ռուսական վարորդական իրավունքի վկայական ստանալ:
Հիշեցնենք` ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում ու աշխարհի տասնյակ երկրներում ընդունվում է «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի անդամ երկրներում ստացած միջազգային վարորդական իրավունքը:
Հայաստանը 2006-ից «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի անդամ է: Կոնվենցիան սահմանում է, որ «Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքով միջազգային երթևեկության թույլատրել այն ավտոմեքենաները և կցասայլերը, որոնք համապատասխանում են Կոնվենցիայի III գլխում նախատեսված պահանջներին, և որոնց վարորդները համապատասխանում են IV գլխի պահանջների»: Հետևաբար, եթե միջազգային վարորդական իրավունքը տրված է օրենքով սահմանված կարգով և չի լրացել գործողության ժամկետը, ապա այն ընդունելի կհամարվի Կոնվենցիայի անդամ երկրներում (ստորագրող կողմեր` 36, անդամ երկրներ` 70):
2011 թ. մարտի 18-ի Հայաստանի կառավարությամբ որոշմամբ, սահմանվել է ազգային և միջազգային վարորդական վկայականների տրամադրման կարգը։ Որոշումը բխում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի դրույթներից: Ազգային վարորդական վկայականի հիման վրա ՀՀ ՃՈ-ն մինչև երեք տարի ժամկետով հատկացնում է միջազգային վկայական: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հատկացնում է ճանապարհային երթևեկության կողմից 1961թ. կոնվենցիայով նախատեսված վարորդական իրավունքի վկայականներ: Այդ վկայականներն ուժի մեջ են և կոնվենցիան ընդունած երկրների, և դրան չմիացածների համար: Միջազգային վարորդական իրավունքի վկայականը բազմալեզու` 7 լեզվով, վկայական է` կոնվենցիայի պահանջներին համապատասխան: