Տարոն Մարգարյանը պատրաստ է լսել նստացույցի մասնակիցներին. Նրանք հրաժարվում են քաղաքպետարան մտնել (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցների նախատեսված հանդիպումն այսօր այդպես էլ չկայացավ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման դուրս եկավ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանը:
Նրանք ակտիվիստներին խնդրեցին բարձրաձայն ընթերցել քաղաքապետարանից ստացած պատասխան նամակը, ըստ որի քաղաքապետարանը չի թույլատրում հովանոց տեղադրել, քանի որ գազոնի վրա չի կարելի, բացի այդ խանգարում է անցուդարձին:
Արթուր Գևորգյանն ասաց, որ նամակի հեղինակ երեք ակտիվիստները հրավիրվում են քաղաքապետարան` Տարոն Մարգարյանի հետ հանդիպման` քննարկելու նստացույցի պատճառ հանդիսացած բոլոր հարցերը:
«Մենք չենք պատրաստվում այդ պահանջները քննարկել քաղաքապետարանի ներսում, մենք բազմիցս ասել ենք»,-ասաց նամակի հեղինակ ակտիվիստը:
Ա. Գևորգյանը նկատեց, որ իրենց առաջարկը մնում է օդից կախված. «Պետք է քննարկել բոլոր հարցերը, ոչ միայն հովանոցի տեղադրման հարցը»,- ասաց Ա. Գևորգյանը:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասացին, թե չէին էլ ակնկալում, որ Տարոն Մարգարյանը կիջնի ու կհանդիպի իրենց:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնանկության պահանջով քաղաքապետարանի դիմաց մի քանի երիտասարդներ անժամկետ նստացույց են հայտարարել:
Նախորդող հրապարակում` Նստացույցի մասնակիցները պատրաստվում են քիչ անց հանդիպել քաղաքապետին