Բարոզու. ԵՄ-ն չի հանդուրժի Արևելյան գործընկերության երկրների ազատ ընտրությունը սահմանափակելու փորձերը
Եվրոպական միությունը չի հանդուրժի Արևելյան գործընկերության երկրների ազատ ընտրությունը սահմանափակելու փորձերը: Այս մասին «Euronews»-ի փոխանցմամբ, նախօրեին Եվրոպական խորհրդարանի պլենար նիստում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Նա ընդգծել է, որ Արևելյան գործընկերության անդամ պետություններին գրավիչ է եվրոպական տարածության տնտեսական և սոցիալական մոդելը:
«Այնպիսի երկրներ, ինչպիսին է Ուկրաինան, առավել քան երբևէ ցանկանում են սերտ հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ: Նրանց գրավում է եվրոպական տնտեսությունն ու սոցիալական մոդելը: Չենք կարող շրջվել նրանց թիկունքով: Չենք կարող համաձայնել նրանց ազատ ընտրությունը սահմանափակելու փորձերին»,- հայտարարել է Բարոզուն:
Նա իր ելույթում անդրադարձել է նաև Եվրամիության ֆինանսա-տնտեսական իրավիճակին և նշել, որ Եվրամիությունը պատրանքներ չպետք է ունենա, թե ճգնաժամը հաղթահարվել է: Բարոզուն կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ջանքեր գործադրել տնտեսության վերականգնման ուղղությամբ: Նա չափազանց ռիսկային է համարել միության քաղաքական անկայունությունը:
«Որոշ մարդիկ հավատում են, որ ճգնաժամի հաղթահարումից հետո ամեն ինչ կվերադառնա իր տեղը: Նրանք սխալվում են: Սա համակարգային ճգնաժամ է, այլ ոչ թե ցիկլային: Իրավիճակն այլևս նախկինը չի լինի, հարկադրված ենք ստեղծել նոր իրականություն»,- ընդգծել է Ժ. Մ. Բարոզուն:
Ընթացիկ տարվա գարնանից սկսած Եվրագոտու պետությունները բավական երկար տևած ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո սկսել են արձանագրել որոշակի տնտեսական աճ: Չնայած դրան` Եվրոպական հանձնաժողովի նախագահը փաստել է, որ դժվարությունները դեռ չեն հաղթահարվել` հիշեցնելով, որ ողջ Եվրոպայում դեռ կան մոտ 26 միլիոն գործազուրկներ: