Զինծառայող Խաչատուր Խաչատրյանը մահացել է համածառայակցի կրակոցից
Արցախի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Խաչատուր Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կատարվում է նախաքննություն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
ՊՆ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում պարզել է, որ Խաչատուր Խաչատրյանը մահացու վիրավորում ստացել է սեպտեմբերի 15-ին ժամը 03:10-ի սահմաններում համածառայակից ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետևանքով:
Panorama.am-ը, վկայակոչելով ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03.10-ի սահմաններում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: Տեղեկացրել էին նաև, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: