Ահարոն Ադիբեկյան. Հայաստանն անկախության տարիներին ավելի շատ կորուստներ է տվել
«Հայաստանը անկախացավ՝ կորցնելով գործարաններ, գիտահետազոտական ինստիուտներ, լաբորատորիաներ, կոլխոզներ ու սովխոզներ: Հայաստանը պետք է հետևեր Ռուսաստանի անկախացման օրինակին հիմնականում տնտեսական քաղաքականության ոլորտում, ու ավելի փոքր գին կվճարեր անկախության համար»: Ասուլիսում նման կարծիք հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, անկախությունից հետո մինչև 1994 թվականը Հայաստանը կորցրել է 1 միլիոն բնակչություն, գործազուրկների թիվը կտրուկ ավելացել է. «Մենք այսօր պետք է ունենայինք 5 միլիոն բնակչություն, սական ունենք 2 միլիոն 700 հազար: Այսինքն` անկախության այս տարիների մեր ամենամեծ կորուստը 2 միլիոն 300 հազար հայն է: Եթե ունենայինք 5 միլիոն բնակչություն, կունենայինք ավելի լուրջ շուկա, աշխատուժ, ներդրումային քաղաքականությունը կլիներ այլ»:
Սոցիոլոգի դիտարկմամբ, Հայաստանն անկախության տարիներին ավելի շատ կորուստներ է տվել՝ աղքատության, գործազրկության մակարդակը բարձրացնել է, ավելացել է ամուսնալուծությունների թիվը, նվազել է ծնելիությունը, չամուսնացածները մեծ թիվ են կազմում, իսկ որպես ամենալուրջ նվաճում համարում է Մաքսային միության անդամակցությունը:
«Հիմա ամենակարևորն է՝ բնակչության աճը, աշխատատեղերի ստեղծումը»,- ընդգծեց Ա. Ադիբեկյանը: