Ազարով. Ուկրաինան չի ցանկանում սահմանափակվել մեկ ինտեգրացիոն վեկտորով
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կարծում է, որ սխալ է եկրին պարտադրել ընտրել մեկ ինտեգրացիոն վեկտոր` Եվրամիություն կամ Մաքսային միություն: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` «Вести24» հեռուստատեսության հետ հարցազրույցի ժամանակ այսօր այս մասին հայտնել է վարչապետ Ազարովը:
«Ցանակում ենք լինել ձեզ հետ, սակայն ցանկանում ենք նաև ուրիշների»,- ասել է Ազարովը` նշելով, որ այսօր երկրները պետք է համագործակցեն հնարավորինս շատ գործընկերների հետ: Ուկրաինայի վարչապետը նաև հիշատակել է Խորհրդային միության մասին և ասել. «Ժամանակին ԽՍՀՄ-ը որոշեց մեկուսացվել աշխարհից, և հետևանքներն աղետալի եղան: Մենք այժմ նույն սխալները կրկնելու իրավունք չունենք»:
Ուկրաինան առաջիկա նոյեմբերին պատրաստվում է Վիլնյուսի «Արևելյան համագործակցության» երկրների գագաթաժողովի ժամանակ ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵՄ երկրների հետ ազատ առևտրի գոտի մտնելը: Կիևը նաև իր պատրաստակամությունն է հայտնել միանալ Մաքսային միության որոշակի դրույթներին:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող համատեղել ԵՄ ասոցացումը Մաքսային միությանն անդամակցելուն, և Կիևի նման հայտարարությունը անվանել է «խորամանկություն»` ասելով` «կամ ամեն ինչ, կամ ոչինիչ»: