Թավրիզում կազմակերպվելիք Ղարաբաղի վերաբերյալ կոնֆերանսը մտահոգել է իրանահայ համայնքային կառույցներին
Իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ «Արան» մշակութային-հետազոտական կազմակերպությունն Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» հետ համատեղ ս.թ. նոյեմբերի 6-ին Թավրիզում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոնֆերանս են անցկացնելու: Այդ առնչությամբ իրանահայ համայնքի կառույցներից մեկը՝ «Հուսկ» հետազոտական կազմակերպությունը, բաց նամակ է հղել կոնֆերանսը կազմակերպող իրանական «Արան» մշակութային-հետազոտական կազմակերպությանը: Նամակի հեղինակները, անդրադառնալով կոնֆերանսի կազմակերպման նպատակներին, մասնավոապես նշում են.
«Արդյո՞ք «Արան»-ը Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող կազմակերպություն է, թե՞ այն կապված է Ադրբեջանի Հանրապետության քարոզչական կառույցներին: Իրանը միշտ էլ ԼՂ հակամարտության հարցում վարել է հավասարակշռված և անկողմնակալ քաղաքականություն»:
Հայկական կազմակերպությունը, վկայակոչելով Իրանը մասնատելուն ուղղված Ադրբեջանի գործողությունները, հավելում է. «Վերջերս Բաքվում «Հարավային Ադրբեջանի ճակատագիրը» խորագրով անջատողական բովանդակությամբ կոնֆերանս է կազմակերպվել, Ադրբեջանի կողմից կեղծվում են Իրանի պատմությունն ու մշակույթը, տարածվում է պանթյուրքական գաղափարախոսությունը, որն ուղղակի սպառնում է Իրանի ազգային շահերին. Այսքանից հետո «Արան»-ի անկողմնակալության առնչությամբ հարցեր են առաջանում»:
Նամակի մյուս հատվածում «Հուսկը», քննադատելով կոնֆերանսի կազմակերպիչներին, նշում է. «Զարմանալի է, ինչպե՞ս եք նման կոնֆերանս կազմակերպում, երբ Հասան Ռոհանին Ադրբեջանին Իրանի անվտանգության համար որպես սպառնալիք է դիտարկել: Արդյո՞ք անհրաժեշտ է մի երկրի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված նման կոնֆերանս կազմակերպել, որը Իրանի տարածքների նկատմամբ երբեք չի թաքցրել իր հավակնությունները և այդ նպատակով տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում»:
«Արդյո՞ք հայացք գցել եք իրանաիրաքյան պատերազմի ընթացքում իրանցի եղբայրների կողքին կռված և նահատակված իրանահայերի անուններին, արդյո՞ք ճանաչում եք Թավրիզի քաղաքապետարանի ճարտարապետին, արդյո՞ք ճանաչում եք Թավրիզի Իմամ Խոմեյնիի անվան փողոցի, «Գոլեսթան» այգու և Թավրիզի մշակույթի պալատի նախագծողին և կառուցողին: Բա Թավրիզի առաջին կինոթատրոնի հիմնադի՞րը: Մինչ այժմ Լևոն Գրիգորյան, Ավետիս Օհանջանյան, Լորիս Ճգնավորյան, Սամվել Խաչիկյան անունները լսե՞լ եք»,-եզրափակելով նամակը, նման հարցադրումով «Հուսկ»-ը դիմում է «Արան» կազմակերպության ղեկավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ