Զվարթնոցի կլոր շենքը քանդելը հիմարություն է
Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել առաջիկայում քանդվելու է։ Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մասին է։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը։ Նրա կարծիքով՝ շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ։
Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի գծով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, կտրականապես դեմ է կլոր շենքի քանդմանը. «Ավելին, թող գնան, էջմիածինը քանդեն, ավելի հին է։ Ինչո՞ւ, ինչը հին է, պետք է քանդեն։ Այդ շենքը կարող են օգտագործել մեր ժողովրդի, ուղևորների համար։ Պատրաստված և ոլորտին տեղյակ մասնագետներ կան, պետք է նրանց հետ խոսել, քննարկել, թե քանի տոկոսով մաշվածություն ունի շենքը, և արդյոք պետք է այն քանդել, թե, այնուամենայնիվ, արժե պարզապես ամրացնել ու նորոգել։ Չի կարելի քանդել, օդի մեջ խոսում են։ Դա հիմարություն է»,-«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ ասել է Ադբաշյանը: «Հետաքրքիր է, քաղաքացիական ակտիվիստները նույնպիսի ջանասիրությամբ կպայքարեն այս շենքի պահպանման համար, թե՛ օդանավակայանը հեռու է»: