Արա Աբրահամյանը` Հրաչյա Հարությունյանի գործի մասին. Ուզում ենք քննիչին փոխել
«Այնպիսի տպավորություն էր, որ Կամազի վարորդն էլ էի ես, խալաթ հագցնողն էլ էի ես: Ես ոչ մի բան իմ վրա չեմ վերցնում, ինչքան ուզում եք դուք գրեք, չէ՞ որ ես գիտեմ ես ով եմ, ինչ եմ, ում համար եմ անում»,-անդրադառնալով Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր վթարին, այսօրվա ասուլիսում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նա ցավալի ու ծանր որակեց տեղի ունեցածը:
«Մենք պետք է լինեինք շատ զգույշ: Ռուսաստանում ես 14 տարի զբաղվում եմ ազգային, հասարակական խնդիրներով, շատ թեթև կայծ է պետք, որ մենք անկառավարելի դառնանք, մանավանդ Ռուսաստանում, ես կարող եմ ասել, որ ագրեսիան ավելացել է, կան մարդիկ, ովքեր ցանկանում են միությանը, հայերին արժեզրկել»,-ասաց Ա. Աբրահամյանը:
Նրա խոսքով, խալաթից առավել կարևոր հարցեր կան, «բա ո՞ւր են էդ թղթակիցները, էդ ցուցարաները, բա ինչո՞ւ օգնություն ցույց չեն տալիս նրա երեխաներին, ընտանիքին»:
«Գիտեք ինչ կա, այսօր Ռուսաստանի ամենալավ իրավաբաները զբաղվում են նրա խնդրով, եթե ես գումարային ասեմ, թե ինչքան մեծ գումարներ է, դուք կզարմանաք, որ ամեն մի փաստաբան, ստանում է տասնյակ հազար դոլարներ, դա վճարում եմ ես ինքս»,-ասաց Ա. Աբրահամյանը:
Ա. Աբրահամյանի խոսքով, այսօր շատ խնդիրներ կան: «Հիմա նայում են, ինչ-որ տոռմուզներն աշխատել են, կան խնդիրներ, որ մեր օգտին չեն, ցավոք սրտի: Մենք հիմա ուզում ենք փոխել քննիչին, որովհետև մեր կարծիքով, այդ քննիչը օբյեկտիվ չէ, ոչ բոլոր փորձաքննություններն է իրականացրել»,-ասաց Ա. Աբրահամյանը:
Նրա խոսքով, այսօր էլ ինքը շարունակում է մեծ աշխատանք կատարել, հանդիպել է տուժածների ներկայացուցիչների հետ, ովքեր աջակցության կարիք են ունեցել, օգնել է` որպես Ռուսաստանի քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը