2014 թվականին Ռուսաստանը կընդունի շուրջ 100.000 ներգաղթյալ
Ռուսաստանի Դաշնային կառավարությունը հաստատել է 2014 թվականի համար Դաշնության կազմի մեջ մտնող սուբյեկտների տարածքում քաղաքացիություն չունեցող և օտարերկրացի հանդիսացող անձանց ժամանակավոր բնակության համար նախատեսված քվոտաները: Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոտսի» լրատվական գործակալությունը:
Փաստաթղթի համաձայն առավելագույն քվոտաներ հատկացվել են Մոսկվայի մարզին՝ մոտավորապես 7 հազար, 4 հազարական քվոտաներ՝ Կալինինգրադի և Նովոսիրբիրսկի մարզերին և 3,5 հազար քվոտա էլ Բաշկիրիայի մարզին: Մոսկվա քաղաքի համար նախատեսվել է 2 հազար քվոտա, իսկ Սանկտ Պետերբուրգի համար 1500 թույլտվություն:
Քվոտաների բաշխման ժամանակ հաշվի է առնվել դաշնության յուրաքանչյուր սուբյեկտի կողմից ներկայացված առաջարկները, որոնք իրենց հերթին անմիջականորեն կապված են տվյալ սուբյեկտում տիրող տնտեսական և միգրացիոն իրավիճակների հետ:
Նախորդ տարվա հետ համամատած ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հատկացված քվոտաների կրճատում՝ 105 հազարից այս տարվա համար կազմել է 95880 քվոտա:
Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսին ՌԴ Պետդուման երկրում միգրացիոն իրավիճակի կարգավորման համար նոր օրենք էր ընդունել: Այս համատեքստում ավելի խստացվեցին ներգաղթյալներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև վերջիններիս կողմից ՌԴ օրենսդրության և իրավական նորմերի խախտման դեպքում սահմանված պատիժները և տուգանքի չափերը: Մասնավորապես՝ Մոսկվայի և Լենինգրադի մարզերում, եթե ներգաղթյալը խախտում է մուտքի, ինչպես նաև իր գտնվելու նպատարկները սահմանող պայմանները, ապա նա ենթակա է 7 հազար ռուբլի դրամական տուգանքի, նույն խախտումը ՌԴ մյուս շրջաններում կազմում է 5 հազար ռուբլի: Նոր օրենքը նաև հաստատում է, որ ՌԴ-ում մուտքի և աշխատանքի անցնելու համար սահմանված պայմանների խախտման դեպքում՝ ներգաղթյալը չի կարող խուսափել արտաքսումից: Մինչդեռ նախկինում նման դեպքերում թույլատրելի էր ընտրություն կատարել արտաքսման և տուգանքի կիրառման միջև: